Շենգավիթի դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի հարցով դատական նիստը

Դռնփակ նիստում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա». Ռոբերտ Քոչարյան

Հայտնի չէ` Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին, թե ոչ։ Նրա` դատարան ժամանելու մասին ստույգ տեղեկություն այս պահին չկա։

Հիշեցնենք` երեկ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ նա ներկայանալու է նիստին` ապացուցելու, որ չի պատրաստվում խուսափել պատասխանատվությունից։

«Եթե խուսափելու լիներ, Հայաստան չէր վերադառնա»,- ասել էր Սահակյանը:

Երեկ երեկոյան Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստը հետաձգվել էր` դրա վերաբերյալ երկրորդ նախագահի ոչ պատշաճ ծանուցված լինելու հիմքով։

Երեկ` հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր Հատուկ քննչական ծառայություն` մարտի 1-ի գործով հարցաքննության։

ՀՔԾ-ն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` սահմանադրական կարգը տապալելը։

Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: