Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը վստահեցրեց` իր պաշտպանյալը կգա դատարան

Փաստաբանն ասել է` եթե Քոչարյանը փախչելու մտադրություն ունենար, նա պարզապես չէր գա Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում դատարանից, այլապես նա չէր գա Հայաստան, լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը պարզ կդառնա այսօր։ Նիստը հուլիսի 26-ին, ժամը 10։00-ից տեղափոխվել էր 01։30, իսկ հետո նորից էր տեղափոխվել, այնպես որ այդ հարցով դատական նիստը կկայանա այսօր, 11։00-ին։

Սահակյանի խոսքով` Քոչարյանը երեկվա դատական նիստին չի ներկայացել, որովհետև ծանուցագիր չի ստացել։

«Քոչարյանը չի խուսափել դատարան ներկայանալուց։ Եթե նա ուզեր այդ քայլին գնալ, Հայաստան չէր վերադառնա»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ` հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս էին եկել փողոց և պահանջել, որ վերահաշվարկեն քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։