«Ընտիր ջուր ա, խմեք». ազգային պարկի տնօրենը խմում է Սևանի ջուրը և հյուրասիրում մյուսներին

«Սևան» ազգային պարկի տնօրենը որոշել է ապացուցել, որ Սևանի ջուրը վտանգավոր չէ։ Նա դրա համար շատ ինքնատիպ մեթոդ է ընտրել։
Sputnik

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը խմում է Սևանի ջուրը և վստահեցնում` «ընտիր ջուր ա»։

Հետո նա բաժակներ է բաժանում կողքիններին և հորդորում` դուք էլ խմեք։

Գուլանյանը խոստանում է` առաջիկայում հրապարակում կլինի այն մասին, որ խմելուց հետո իր հետ ոչինչ չի եղել։

Սևանը միայնակ չէ, ծաղկել են Հայաստանի գրեթե բոլոր լճերը

«Սևանի ջուրն աշխարհում ամենալավն է»,- ասում են մյուս խմողները։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունը հուլիսի 25-ին, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։