ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանից PPT ուսանողական ստարտափը ջուր մաքրելու նոր օզոնատորի մոդել է ստեղծել։
Սարքը սովորական թթվածնից օզոն է ստանում։ Այն շատ ավելի ուժեղ է օքսիդացնում շրջակա միջավայրն ու սպանում է մանրէները։ Հետո սարքը օզոնը ջրի մեջ է արտանետում։ Ըստ ստեղծողների մտահղացման` այս օզոնատորը պետք է լինի արտասահմանյան սարքերից ավելի տնտեսող ու էժան։
Առաջին օզոնատորը մշակողներն օդից են հավաքել։ «Իսկ հիմա մեկ քայլ առաջ ենք գնացել` ավելացրել ենք մեխանիզմ, որը թույլ է տալիս օզոնը ջրի տարայի մեջ մատակարարել», – ասում է ստարտափի մասնակից Ռազմիկ Արամյանը։
Կանադայում, Ֆրանսիայում ու շատ այլ երկրներում արդեն վաղուց են սկսել ջուրը օզոնով մաքրել։ Քլորի համեմատ այն մի քանի առավելություն ունի։ Նախ` օզոնն օրգանիզմի համար ավելի անվտանգ է։ Իհարկե, չափազանց մեծ քանակության դեպքում, դա էլ է վտանգավոր դառնում` որպես ուժեղ օքսիդացնող։ Սակայն այն արագ է ջրից դուրս գալիս, քլորից շատ ավելի արագ։
«20 րոպեից մաքրած ջուրն արդեն կարելի է խմել։ Իսկ որ քլորը ջրից դուրս գա, պետք է մի քանի ժամ սպասել», – ավելացնում է Ռազմիկը։
Բացի այդ, օզոնը չի փոխում ջրի թթվային բալանսը (pH) ու չի քայքայում դրա հանքային միացությունները, որոնցով այդքան հայտնի է մեր հայկական ջուրը։
Սարքը որոշել են փորձարկել էքստրեմալ պայմաններում. դրա մեջ Հրազդան գետի Կիևյան կամրջի տակի հատվածից ջուր են լցրել։ Ցանկացած երևանցի սարսուռ կապրի այն մտքից, որ դա կարելի է խմել։ Սարքը 100%–ով չմաքրեց ջուրը, ի վերջո ամեն ինչ միանգամից չի լինում։ Սակայն…
«Մենք մաքրելուց «առաջ» ու «հետո» ջրի նմուշները տարանք Երևանում ԱԻՆ–ին կից լաբորատորիա։ Պարզվեց, որ սարքը վերացրել է մանրէների 70%–ը։ Ջուրը նախկինի պես չի կարելի խմել, այնտեղ օրգանիզմի համար անթույլատրելի մանրէներ են մնում։ Սակայն քիմիական աղտոտումը նվազում է մինչև նորմայի սահմանները։ Իսկ եթե սովորական ֆիլտր ավելացնել, ապա կարելի է մեխանիկական աղտոտումն էլ վերացնել, այսինքն` ավազի ու ցեխի մասնիկները», – ասում է Ռազմիկը։
Հրաշք տեղի չի՞ ունեցել։ Չնայած, նայած որ կողմից նայես։ Սարքը երեք հեղինակ ունի։ Բոլորն ուսանողներ են։ Նրանցից մեկը` Գոհար Հովհաննիսյանը, նոր է ավարտել Երևանի պետական համալսարանի բակալավրիատը։ Իսկ երկուսը` Ռազմիկ Արամյանն ու Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ դեռ չեն էլ ավարտել բակալավրիատը։
Բայց ֆիզիկան ճշգրիտ գիտություն է։ Եթե սարքն աշխատում է, կարևոր չէ` քանի տարեկան ես։ Իսկ եթե չի աշխատում, ոչ մի դիպլոմ չի օգնի։
«Դե, դեռ պետք է կատարելագործենք այն։ Արդեն որոշ առաջընթաց ունենք», – լրջորեն ասում են հեղինակները։
Սարքը թույլ է տալիս կարգավորել օզոնավորման ուժգնությունը։ Այսինքն` կախված այն բանից, որքանով է ջուրն աղտոտված, կարելի է օզոնի տարբեր չափաբաժիններ մատակարարել։ Այդպես սարքն ավելորդ էներգիա չի ծախսի։
Իսկ եթե հետո սովորական մեխանիկական ֆիլտր ավելացնել, օզոնը գրեթե միանգամից կքայքայվի։
«Օզոնը թթվածնի կվերածվի։ Վատ չի ստացվում, թթվածնով հարստացված ջուր։ Ամեն դեպքում քլորից լավ է», – ժպտում է Ռազմիկը։
Սարքը ներկայացված է Sevan Startup Summit 2018 ստարտափների մրցույթին։ Այստեղ մեզ ցուցադրում են` ինչպես է ջուրը թանաքից մաքրվում։