ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայ կինոլոգներն ուզում են հանրահռչակել գամփռ ցեղատեսակի շներին և թույլ չտալ, որ այս շներին փչացնեն։ Sputnik Արմենիա մամուլի ակումբում կազմակերպված Երևան-Թբիլիսի-Բիշքեկ «Հայկական գամփռը և հետխորհրդային երկրների շների ազգային ցեղատեսակները» տեսակապի շրջանակում այս մասին հայտնեց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար և միջազգային կարգի փորձագետ Վիոլետա Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ հայկական գամփռը միաժամանակ կարող է պահակություն անել, հոտին տանել արածելու և կռվել։ Գամփռը կարող է հաղթել գայլին։
«Շատ պինդ շուն է, ուժեղ ու հավասարակշռված», — ասաց նա։
Ինչ վերաբերում է ցեղատեսակի անվանը, Գաբրիելյանն ասաց, որ «գամփռը» մի քանի նշանակություն ունի։
«Նախ այն համահունչ է «գռմռալ» բառին։ Բացի այդ, «գամփռը» մեկնաբանվում է նաև որպես «գամ փռեմ»։ Պաշտոնապես շունը հենց այդ անվանումով է գրանցված, քանի որ այն դարերից է գալիս», — նշեց նա։
Վրաստանի կինոլոգիական միության գլխավոր քարտուղար Զազա Օմարովն էլ խոսեց վրացական լեռնային հովվաշան ու գուրիական լայկայի մասին։
«Վրացական լեռնային հովվաշունը կարճամազ կովկասյան հովվաշուն է։ Մի փոքր տարբերվում է երկարամազից։ Ավելի հավասարակշռված է, ագրեսիա դրսևորելուց առաջ զգուշացնում է։ Բավականին ամուր, խոշոր ու ոսկրոտ շուն է, շատ երկրներում են բազմացնում», — ասաց նա։
Ինչ վերաբերում է գուրիական լայկային, Օմարովը նշեց, որ սա էլ է հետաքրքիր ցեղատեսակ, որի հասակը 45 սանտիմետրի է հասնում։ Բուծում են Գորիում ու Բաթումում, իսկ Թբիլիսիում միայն մեկ գուրիական լայկա է ապրում։
Էստոնական որսկան շանն էլ ներկայացրեց որսկան շներ բուծող Վլադիմիր Կոզիրյովը։
«Ցեղատեսակը բուծվել է ХХ դարի առաջին կեսին։ Ավելի կարճահասակ է, քան ռուսական որսկանը», — ասաց նա։
Կոզիրյովի խոսքով` էստոնական որսկանը ռուսական որսկանի, անգլիական ֆոքսհաունդի, բիգլի ու նույնիսկ տաքսայի խառնուրդ է։
Ինչ վերաբերում է խառնվածքին, նա նշեց, որ շունը շատ ընկերասեր է, ընտանիքի լավ բարեկամ, ընկերություն է անում երեխաների հետ։
«Որսի ժամանակ ոչ մի բանով չի զիջում որսկան շների մյուս ցեղատեսակներին», — ասաց նա։
Նա նաև նշեց, որ վերջերս ցեղատեսակի որսորդական հատկությունները սկսել են անհետանալ, քանի որ մարդիկ սկսել են նրանց ընտանիքներում պահել ու շատ քիչ օգտագործել որսի համար։