«Սարգսյանի կողմից հրահանգ չի եղել». Հայաստանի նախկին ոստիկանապետը նախկին նախագահի մասին

Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասել է` հրահանգներ ստացել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանից, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք հրահանգ չի տվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանին, երբ նա զբաղեցրել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը։ Այդ մասին պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Այդ ժամանակ իմ ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա երբեք հրահանգ չի տվել, ինչի համար նրան շնորհակալ եմ։ Երբեք», – ասաց Սարգսյանը։

«Ես նրան չեմ ների». նախկին պաշտոնյաների միջև ծագած սկանդալը նոր թափ է հավաքում

ՀՀԿ խմբակցության պատգամավորը մտադիր է սեպտեմբերին լքել կուսակցության շարքերը և ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից։

Նրա հեռանալու հիմնական պատճառը կուսակցության որոշ անդամների գործողություններից հիասթափվելն է։

«Ես քաղաքականության մեջ չեմ էլ եղել։ Ես չեմ հոգնել քաղաքականությունից, ես ուղղակի հիասթափված եմ կատարվող դեպքերից», – ասաց Սարգսյանը։

Նա իրեն խաբված է զգում, քանի որ հավատացել է կուսակցության գաղափարին և ընթացքին։ Սարգսյանը նաև կոչ արեց օգնել գործող իշխանություններին, աջակցել նրանց և չմոռանալ երկրի անվտանգության մասին։

Նա նաև հիշեցրեց, որ վերջին շրջանում Արցախի և Նախիջևանի սահմաններին նկատվում է տեխնիկայի կուտակում։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կոչ արեց մոռանալ` ով է կուսակցական, ով է շարքային և մեկ մարդու նման պաշտպանել հայրենիքը։