Էլեկտրոնային գաջեթ, թե սիգարետ. Հայաստանում պատերազմում են ծխողների համար

Մինչ փորձագետները խոսում են էլեկտրոնային ծխամորճերի վնասի մասին, իսկ արտադրողները` հակառակի, ծխողներն ընտրում են այն, ինչ իրենց սրտով է։ Իսկ առողջապահության նախարարությունը չի դադարում կրկնել. «Ծխելը վնասակար է առողջությանը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանում ամբողջ թափով ընթանում է հակածխախոտային քարոզչություն։

Միայն գլանակ ծխելը չէ, որ կարգելվի. հակածխախոտային արշավը թափ է հավաքում

Առողջապահության նախարարությունը մշակում է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է դրանց վաճառքի և գովազդի կարգի խստացում։

Վախեցնող նկարներով սիգարետի տուփերին շուկայում փոխարինել է աղմուկ հանած նորույթը` այքոսը։

Հասարակական առողջապահության հարցերով մասնագետ Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ այդ գաջեթը պակաս վտանգավոր է գլանակի համեմատ, սակայն տվյալ դեպքում կարևոր է ոչ այնքան վնասի աստիճանը, այլ դրա գոյության փաստը։

Նրա կարծիքով` էլեկտրոնային սիգարետների և վեյփերի ստեղծողները հաճախորդներին գրավելու համար դիմում են տարբեր մարքեթինգային հնարքների` շահարկելով վնասակարության աստիճանը։

Պետրոսյանը պնդում է, որ ռիսկային խմբում անչափահասներն են, որոնք ցանկանում են հետևել նորաձև միտումներին։

«Ոչ վաղ անցյալում ծխելը նորաձև էր, հիմա ծխախոտային ընկերությունները մտածել են այդ նորաոճ գաջեթները` պոտենցիալ ծխողին գայթակղելու համար։ Սակայն, միևնույն է,  դրանք օգտագործելիս ծխանյութը տաքանում է, այսինքն` ներս է գնում նույն նիկոտինը», – կարծում է փորձագետը։

Սարքի արտադրողները խոստովանում են, որ այն չի օգնում թողնել ծխելը, բայց թույլ է տալիս ծխողին անցնել ավելի անվտանգ միջոցի` չհրաժարվելով վատ սովորությունից։

«Philip Morris Armenia»–ի կորպորատիվ հարցերով բաժնի ներկայացուցիչ Տաթևիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային ծխամորճը զգալիորեն պակասեցնում է վնասը։ Դրա գոլորշիները միջինում պարունակում են 90-95 տոկոսով քիչ վնասակար նյութեր, քան սովորական գլանակում։ Հովհաննիսյանն այլ արժանիքների շարքում նշեց հոտի և ծխի բացակայությունը, ինչը թույլ է տալիս ծխել փակ տարածքում։

ԵԱՏՀ–ն ծխախոտի հայ արտադրողներին արտոնություններ է տվել. ե՞րբ են հարկերն աճելու

Նա նաև հաղորդեց, որ երբեք չծխած կամ ծխելը թողած քաղաքացիները ուղղակի չեն հետաքրքրվում այս տեխոնոլգիայով և չեն համարվում պոտենցիալ հաճախորդ։

«Ավելին, մեր ընկերությունը ոչ միայն արտադրանքը չի վաճառում դեռահասներին, այլ նաև ընդհանրապես կապ չունի անչափահասների հետ», – ասաց նա։

Արման Սահակյանը 8 ամիս առաջ սովորական սիգարետից անցել է էլեկտրոնայինի և չի բացառում, որ ամեն դեպքում վնասում իր առողջությանը, բայց այդ գաջեթը հարմարավետ է համարում. հարկ չի լինում մշտապես որոնել կրակայրիչը կամ մոխրամանը։

Արմանը փոփոխության մեջ խնայողություն չի նկատել, քանի որ օրական ծխել է տարբեր արժողության երկու տուփ սիգարետ, իսկ հիմա մի տուփ, որն արժե 650 դրամ։

Ծխելու 15–ամյա փորձ ունեցող Դավիթ Կարապետյանը մտադիր չէ անցնել էլեկտրոնային սիգարետի, թեև այն ավելի տնտեսող տարբերակ է համարում։ Նա կարծում է, որ ծխախոտային ընկերությունները հորինել են էլեկտրոնային տարբերակները ոչ պահանջկոտ մարդկանց համար։

«Ինձ համար կարևոր է ծխելու «արարողությունը»` սիգարետն այրելուց և առաջին ծուխը քաշելուց սկսած», – նշում է Կարապետյանը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ անձամբ շահագրգռված է ընդունել իրավական ակտեր, որոնք կարգելեն ծխելը հասարակական վայրերում։

Նա նաև կոչ էր արել փորձագիտական խմբին ավարտել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի մշակումը, որը խոշոր տուգանքներ է նախատեսում հասարակական վայրերում ծխելու համար։ Օրինագիծը մեծ իրարանցում և բուռն քննարկումներ է առաջացրել հասարակության մեջ։