Որակով, այլ ոչ քանակով. կհանձնե՞ն հայկական կուսակցություններն ինտելեկտուալ քննությունը

Քաղաքական ուժերի նախընտրական ֆինանսական ծախսերի սահմանափակումը ստիպում է մոբիլիզացնել մտավոր պաշարները։ Երկար տարիների ընթացքում քաղաքական ուժերից շատերը հետ են վարժվել գաղափարական պայքարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում, կարծես, խստացնում են ընտրական օրենսդրությունը քաղաքական կուսակցությունների նախընտրական ծախսերի մասով։ Դա, ընդհանուր առմամբ, արվում է նախընտրական պայքարի հավասար հնարավորություններ և պայմաններ ստեղծելու համար։

Փաշինյանի կուսակցությունը չի ցանկանա կրկնել ՀՀԿ–ի սխալները. ՀՅԴ

Շտկումների հեղինակները նպատակ ունեն նաև  բացառել ընտրակաշառքները, թեև հայտնի է, որ «ձայներ գնելը» երբեք չի իրականացվել կուսակցությունների կամ մեծամասնական ու վարկանիշների թեկնածուների «բյուջետային» միջոցների հաշվին։

Որքանո՞վ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն նախընտրական քարոզարշավի և հենց ընտրությունների թափանցիկությանը. հարցը բաց է մնում:  Բայց ակնհայտ է, որ նոր քաղաքական իրողություններում կուսակցությունները ստիպված կլինեն առավելագույն զգուշություն ցուցաբերել ընտրողների «սրտը շահելու» կամ «խելքն ուտելու» համար։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` պետք է հասկանալ, որ ցանկացած նախընտրական քարոզարշավ փող է պահանջում և լուրջ փող։ Ելնելով դրանից` քաղաքական ուժերի ֆինանսական ծախսերի չափազանց սահմանափակումը կարող է ի չիք դարձնել այդ քարոզարշավի նպատակահարմարությունն ընդհանրապես։

Ընտրական օրենսգրքում հիմա էլ նշվում է, որ քաղաքական ուժի նախընտրական ֆոնդը (լինի մեկ կուսակցություն, թե մի քանի կուսակցությունների դաշինք), չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը, իսկ վարկանիշային թեկնածուի ֆոնդը չպետք է գերազանցի 5 միլիոն դրամը։

Հիմա առաջարկվում է խիստ պատիժներ սահմանել նրանց համար, ովքեր կգերազանցեն թույլատրելի ծախսերը։ Եթե գերածախսը կկազմի ավելի քան 20 տոկոս, կուսակցությանը կզրկեն քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։ Եթե 20 տոկոսից պակաս է, ապա նրան եռակի չափով կտուգանեն և այդքան էլ կկրճատեն ֆոնդը։ Օրինակ, եթե կուսակցությունը քարոզչության համար հատկացնի 100 միլիոն դրամ, բայց ծախսի 15 միլիոնով ավելի, ապա նրան կտուգանեն 45 միլիոնով և նույնքան էլ կնվազեցնեն ֆոնդի առավելագույն ծավալը։

Բադալյան. «Բարեգործություն չի լինելու. Ծառուկյանը պետք է գաղափարական ռեսուրսն օգտագործի»

Այդ նորամուծությունը կարող է լուրջ անհանգստություն առաջացնել նույն «Բարգավաճ Հայաստանում», որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է։ Ահռելի ֆինանսական պաշարներ ունի նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Երկու քաղաքական ուժերը երկար տարիներ նախընտրական քարոզարշավում ակտիվորեն օգտագործել են ֆինանսական, վարչական, տնտեսական ռեսուրսները։ Հիմա, երբ նոր իշխանությունը հայտարարում է, որ իրավապահ մարմինները խստորեն կկանխեն ընտրակաշառքի ցանկացած փորձ, ՀՀԿ–ը և ԲՀԿ–ը լրջորեն անհանգստացել են։

Ինչպես կարծում է Բադալյանը, վերոհիշյալ քաղաքական ուժերը հիմա ստիպված են մոբիլիզացնել իրենց ոչ նյութական պաշարները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ կուսակցություններ վաղուց հետ են վարժվել գաղափարական պայքարից` նախընտրելով կիսաքրեական հեղինակությունների օգնությունն ու փողը մաքուր քաղաքական պայքարի փոխարեն։

«Ֆինանսական ծախսերի սահմանափակումը ենթադրում է որոշակի ինտելեկտուալ լարվածություն ունևոր կուսակացությունների համար», – հավելեց փորձագետը։

Նրա խոսքով` շատ բան հիմա կախված կլինի ընտրազանգվածին համոզելու նրանց կարողությունից, կադրերից և  շատ այլ ոչ ֆինանսական գործոններից։ Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք նրանք կկարողանան հաջողությամբ հանձնել քննությունը։