ՌԱԴԻՈ

Բադալյան. «Բարեգործություն չի լինելու. Ծառուկյանը պետք է գաղափարական ռեսուրսն օգտագործի»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է առաջիկա ընտրությունների մասին։ Նա կարծում է, որ քաղաքական ուժերը քարոզարշավի ժամանակ պետք է գաղափարական ու ծրագրային կոմպոնենտը գործի դնեն։
Sputnik
Արմեն Բադալյան

Քաղաքական ընտրական քարոզարշավը բավականին շատ փող է պահանջում։ Բադալյանը նշում է` արդյունքն ակնհայտ կլինի, եթե այդ փողը ճիշտ ծախսվի։

«Որովհետև դու կարող ես արդյունավետությամբ ծախսել և կարող ես 10 միլիոնն այնպես ծախսել, որ որևէ արդյունքի չհասնես։ Եվ եթե տրամաբանական ու խելացի ձևով օգտագործվի, բնականաբար, արդյունք էլ կլինի»,- ասում է նա։

Փաշինյանի կուսակցությունը չի ցանկանա կրկնել ՀՀԿ–ի սխալները. ՀՅԴ

Բադալյանն օրինակ է բերում թռուցիկների որակն ու բովանդակությունը։

«Դուք ունեք որոշակի գումար, որի մի մասը պետք է թռուցիկ տպագրելու ու բաժանելու վրա ծախսեք։ Այստեղ կարևոր է թռուցիկի բովանդակությունը, դրանք բաժանելու տեղն ու բազմաթիվ այլ կետեր։ Եթե դա դուք գրագետ անեք, պայմանական 1 միլիոն դրամի 10 տոկոսը գրագետ ծախսեք, արդյունք կլինի, բայց եթե անորակ թռուցիկներ պատրաստեք, բովանդակությունն այնպիսին լինի, որ ոչ ոք չհիշի, բնականաբար, ծախսած գումարն անիմաստ կլինի։ Հիմնական ուշադրությունը պետք է լինի գումարի ծախսման որակի վրա»,- ասում է նա։

Եթե նախկինում բարեգործությանը բավականին մեծ տեղ էր հատկացվում, և Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն այդ ռեսուրսի արդյունքում բավականին շատ ձայներ էին ստանում, հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։

«Նշանակում է` այլ ռեսուրսներ պետք է օգտագործվեն։ Գաղափարական, ծրագրային կոմպոնենտը պետք է գործի դնեն»,- ասում է Բադալյանը։

Նրա խոսքով` եթե կուսակցությունը կարողանա գրագետ ու որակյալ օգտագործել գաղափարական ռեսուրսը, ապա արդյունքը հաջող կլինի։