Ի՞նչ է կատարվում հայկական զբոսաշրջության հետ «թավշյա հեղափոխությունից» հետո

Թե ինչպես են քաղաքական գործընթացներն ազդել Հայաստանի զբոսաշրջության վրա, առայժմ դժվար է գնահատել։ Պաշտոնական վիճակագրությունը մի բան է ասում, մասնավոր հատվածի ներկայացուցիչների դիտարկումները` մեկ այլ բան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանի զբոսաշրջային ներուժը մեծ է, բայց դժվար է գնահատել` այն լիարժեք է օգտագործվում, թե ոչ։ Նախկին իշխանությունները զբոսաշրջությունը գերակա ուղղություն էին հայտարարել, իսկ նորերը դեռ ուսումնասիրում են բոլոր հնարավորությունները։ Զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի են ունեցել կադրային վերադասավորումներ, գերատեսչության ղեկավար Զարուհի Զեյթունցյանին փոխարինել է Հռիփսիմե Գրիգորյանը, իսկ նրա տեղակալի տեղը դեռ թափուր է (այդ պաշտոնում աշխատում էր ոլորտի հայտնի մասնագետ Մեխակ Ապրեսյանը` խմբ.)։

Արարատի գաղտնիքն ու կիսատ–պռատ զբոսավարները. ի՞նչ հարցեր է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկը

Միաժամանակ սոցիալական ցանցերի օգտատերերին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանի փողոցներում նվազել է զբոսաշրջիկների թիվը։ Որոշ մասնագետներ հիշեցնում են, որ իրենք զբոսաշրջային հոսքի կրճատում կանխատեսել էին, քանի որ, որպես կանոն, զբոսաշրջիկները խուսափում են մեկնել այն երկրներ, որտեղ հեղափոխություն է եղել։

Իրինա Մանսուրյանը, որը զբոսաշրջիկներին վարձով է տալիս իր բնակարանը, ասում է` ինքն էլ է զգացել զբոսաշրջիկների հոսքի կրճատումը։ Նա հավաստիացնում է, որ 2017թ-ին կենտրոնում վարձով է տվել երկսենյականոց բնակարանը օրական 50 դոլարով և ամեն ամիս առնվազն երկու վարձակալ է ունեցել։ «Այս տարի նույնիսկ վարձը մինչև 35 դոլար նվազեցնելուց հետո վարձակալների թիվը երկու անգամ քչացել է»,- ասում է նա։

Sputnik Արմենիան որոշեց պարզել` իրականում ինչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում։ Դիմեցինք Զբոսաշրջության պետական կոմիտե, բայց պարզվեց, որ գերատեսչությունում առայժմ տվյալներ չկան վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի մասին, ուստի ստիպված էինք իրավիճակը պարզել մասնավոր հատվածում։

«Երևան Թրավելի» ներկայացուցիչ Աննա Սահակյանը այս տարվա պատկերը ներկայացրեց ռուս զբոսաշրջիկների օրինակով։ Զբոսաշրջիկների թիվը հունիս-հուլիսին նույնն է մնացել, իսկ ընթացիկ տարվա մայիսին կրճատում է նկատվել։ Նա կարծում է, որ դա կապված չէ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ, այլ ծովային հանգստի օգտին ընտրություն կատարելու արդյունք է։ Անցած տարի ռուս զբոսաշրջիկները չեն կարողացել հանգստի մեկնել Եգիպտոս, ուստի նախընտրել են արձակուրդներն անցկացնել Հայաստանում։

Ի՞նչ անել, որ Սևանն իրական զբոսաշրջային կենտրոն դառնա. պատասխանը գիտի վարչապետը

Barev — Armenia զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչ Լիզա Քոսյանը համաձայն է գործընկերոջ հետ, և Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի ոչ մեծ նվազումը նա կապում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ։ Բայց նաև վստահ է, որ հավասարակշռությունը կպահպանվի Եվրոպայի ու Ամերիկայի զբոսաշրջիկների հաշվին, և անհանգստանալու հիմքեր չկան։

Travel Armenia զբոսաշրջային գործակալությունում ամեն ինչ հակառակն է։ Ընկերության ներկայացուցիչ Ռուբինա Հարությունյանը կարծում է, որ զբոսաշրջային ոլորտում գործերը շատ լավ են, և զբոսաշրջիկները Եվրոպայից, Հնդկաստանից, արաբական երկրներից և նույնիսկ Ռուսաստանից շարունակում են ժամանել նույն քանակով, ինչ անցած տարի, եթե ոչ ավելի շատ։

Նա կարծում է, որ դա պայմանավորած է նոր Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությամբ, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնով։

Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նույնպես վստահեցրեց, որ հունիս-հուլիսին ուղևորահոսքի աճ է գրանցվել։ Նա կարծում է, որ սա սեզոնային աճ է։ Խաչատրյանն ուղևորահոսքի թվի կրճատում է նկատել մայիսին, բայց կարծում է, որ պոտենցիալ զբոսաշրջիկները սպասման մեջ են եղել և փորձել են հասկանալ, թե ինչով կավարտվի «թավշյա հեղափոխությունը»։ Փոխտնօրենը խորհուրդ տվեց սպասել մինչև սեպտեմբեր` պատկերն ավելի հստակ տեսնելու համար։

Զբոսաշրջիկի նոթեր. զբոսավարները ձեզ ցույց չեն տա Ջերմուկի այս անկյունները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական վիճակագրությունը նույնպես խոսում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճի մասին։ 2018թ-ի ապրիլից մայիս ամիսներին Հայաստան է այցելել 231 840 մարդ, ինչը 19 հազարով շատ է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Բայց պետք է հիշել, որ զբոսաշրջիկ է համարվում միայն երկիր այցելող այն մարդը, որն այդ երկրում անցկացնում է թեկուզ մեկ գիշեր։

Նշենք, որ 2017թ-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18,7 տոկոսով։ Աճն ապահովվել է Ռուսաստանից, Իրանից, Արևելյան Եվրոպայի երկրներից և այլ պետություններից մեր երկիր եկած զբոսաշրջիկների հաշվին։