Հայերը Դիլիջանի ոլորաններում թալանել են Ֆրանսիայի և Ղազախստանի քաղաքացիներին

Առաջարկել են անվճար տեղափոխել նրանց, հետո հափշտակել են պայուսակներն ու փախել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել: 

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը և ընկերը` Ղազախստանի քաղաքացի 1997 թ. ծնված Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի թերակղզու խաչմերուկում:

Երևանի կենտրոնում գողություն կատարողը կին է. տեսանյութ

Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ և անկանոն, խնդրել են կանգնել:

Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ և մեկ կարպետ, դիմել են փախուստի:

Հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 1990 թ. ծնված Արա Մ.-ն և 1992 Վիգեն Հ.-ն:

Արա Մ.-ն և Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: