ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը` երկրի ղեկավարությանը մեղադրելով կոռուպցիայի և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի ղեկավարությունն ավելի շուտ մաֆիա է հիշեցնում, քան կառավարություն… ԱՄՆ-ն չի վախենում հակազդել իրանական ռեժիմին», — ասել է Պոմպեոն` կիրակի երեկոյան ելույթ ունենալով Կալիֆոռնիայում` Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում։
Որպես ապացույց` նա որոշ տվյալներ է բերել այն մասին, թե ինչպիսի ընկերություններ և կարողություններ ունի Իրանի ղեկավարությունը։ Ընդ որում, նա հատուկ նշել է, որ այդ ընկերությունների հաջողությունը հնարավոր է եղել հենց կոռուպցիայի շնորհիվ, որին տեղ են տալիս երկրի իշխանությունները։
«Նրանց գործունեությունը հանգեցրել է նրան, որ հասարակ իրանցիները չեն կարող աշխատանք գտնել», — ասել է պետքարտուղարը։
Բացի այդ, Պոմպեոն «իրանական ռեժիմին» մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանն ու բռնությանն աջակցելու համար։ Նա նշել է, որ երկրում խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում` կրոնական փոքրամասնությունների` սունիներ, քրիստոնյաներ, զրադաշտներ և այլն։
Պոմպեոյի ելույթը նվիրված է եղել Իրանում իսլամական հեղափոխության 40-ամյա տարեդարձին և ուղղված է եղել «Իրանի ժողովրդի ձայներին»։ Պետքարտուղարի ելույթի ժամանակ Twitter-ի նրա էջում պարսկերեն գրություն է հայտնվել` անգլերեն թարգմանությամբ. «ԱՄՆ-ն լսում է ձեզ։ ԱՄՆ-ն սատարում է ձեզ։ ԱՄՆ-ն ձեզ հետ է»։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոշտ քաղաքականություն է վարում Իրանի դեմ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները դուրս էր եկել Իրանի հետ «միջուկային համաձայնագրից»` չնայած նրան, որ այդ համաձայնագրի եվրոպական մասնակիցները, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը դեմ էին այդ քայլին։
Բացի այդ, ԱՄՆ-ն պարբերաբար պատժամիջոցներ է սահմանում Իրանի իշխանությունների և ընկերությունների դեմ։
Վաշինգտոնում պաշտոնապես հայտարարում են, որ մտադիր չեն Իրանում «ռեժիմի փոփոխության» հասնել, բայց հույս ունեն, որ Իրանի իշխանություններն ու ժողովուրդը «ճիշտ ընտրություն» կանեն։ ԱՄՆ-ն կողմ է եղել 2018թ-ին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։