Եվրամիությունը չի պատկերացնում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ծավալները

Եվրամիության ներկայացուցիչները մասամբ գիտակցում են, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, բայց մինչև նոր ընտրությունները Հայաստանի հանդեպ իրենց դիրքորոշման մեջ զգալի փոփոխություններ չեն լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Եվրոպական միությունը չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մինչև Երևանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելը, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։

Փաշինյանը դժգոհ է Եվրամիության անհասկանալի կեցվածքից

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ որոշ եվրապաշտոնյաներ դեռ ինչ-որ փոփոխություններ են ակնկալում Հայաստանից։

Քաղաքագետի խոսքով՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի եվրոպական գործընկերները վարժվել են շփվել հայկական իշխանության կոնկրետ ներկայացուցիչների հետ։ Արդյունքում, նրանք միշտ չէ, որ գոհ են եղել բանակցությունների արդյունքներից։

«Հիմա իրավիճակ է փոխվել, դա գիտակցում են Եվրոպայում։ Բայց նրանք չեն պատկերացնում, թե ինչ խորը փոփոխություններ են տեղի ունենում, և դա նորմալ է։ Ընդամենը երկու ամիս է անցել», — ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում գործում է ահռելի բյուրոկրատական մեքենա, և այն չի կարող հարմարվել նոր իրավիճակին և հնարավորություններին։ Քաղաքագետը նշում է, որ ճիշտ չէ ինչ-որ մեծ, արմատական փոփոխություններ ակնկալել ԵՄ քաղաքականության մեջ այդքան կարճ ժամկետում։

Մենք լուրջ ենք ընդունել Փաշինյանի ասածը. ԵՄ դեսպան

Մյուս կողմից, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ ԵՄ անդամները հասկանում են, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են։

«Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ներկա կառավարությունը ժամանակավոր է։ Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ում սպասում են արտահերթ ընտրությունների արդյունքներին։ Դա նշանակում է, որ նրանք չեն կարող բանակցություններ վարել երկարաժամկետ ծրագրերի համար», — նշեց Գալստյանը։

Նոր կառավարության և խորհրդարանի ձևավորումից հետո, ամենայն հավանականությամբ, փոփոխություններ տեղի կունենան նրանց երկարաժամկետ ծրագրերում։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ հանուն ԵՄ ֆինանսական օգնության Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել և չեն անի։ Այն ամենը, ինչ նրանք անում են, ժողովրդի մանդատի իրագործումն է։