Պաշտոնատար անձինք տեղյակ են եղել, որ Փանիկում միջոցառում է անցկացվելու. Ելկանով

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի հրամանատարը վստահեցնում է, որ Փանիկի դեպքը չի փչացնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ոչ մի դեպք չի կարող խաթարել հայ —ռուսական հարաբերությունները, նույնիսկ Փանիկի միջադեպը, այսօր` հուլիսի 21-ին ասաց 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը Գյումրում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ։

«Պաշտոնատար անձինք տեղյակ են եղել, որ Փանիկում միջոցառում է անցկացվելու»,- նշեց նա։

Քննարկման ժամանակ ներկայացվեց ռազմակայանի տեղակայման ամբողջ պատմությունը և այն տարածքը, որի հսկողությունն իրականացվում է ռազմակայանի միջոցով։

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Ելկանովը նաև նշեց, որ ռազմակայանի գործունեության տարիների ընթացքում սերտ համագործակցություն է եղել Հայաստանի հետ։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ կրակոցներն ուսումնական են եղել։

Քննարկման ժամանակ հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսեցին նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը։

Փանիկում տեղի ունեցածը սադրանք է. Փաշինյան

Նշենք, որ «Հայ-ռուսական հարաբերությունները» թեմայով կլոր սեղան-քննարկումն անցկացվեց Հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն էին անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել էին կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝  նշելով, որ երեխաները վախեցել են:

«Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժությունների անցկացման համար երբևէ չի ծառայել, և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չենք ստացել»,- նշել էր համայնքի ղեկավարը` ասելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու:

Ռազմակայանի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ ինքը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին փոխանցել է 102-րդ  ռազմաբազայի հրամանատարի մտահոգությունը: