Հայկական երկարակեցություն` առանց կենսահավելումների. ինչու պետք է մարդն ապրի 120 տարի

Ժամանակակից գիտությունը մարդու կյանքը երկարացնելու միջոցներ է փնտրում, թեև քչերն են հասկանում՝ ում և ինչի համար է դա պետք։ Sputnik-ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է երկարակեցության ու կյանքն իմաստավորելու մասին։
Sputnik

Մարդիկ հաճախ են հարցնում՝ ինչու՞ է պետք երկար ապրել։ Նախ, որովհետև ոչ ոք չի ուզում մահանալ։ Մի հավատացեք նրան, ով պնդում է, թե չի ուզում ապրել։ Պարզապես չի ուզում ապրել այնպես, ինչպես ստիպված է։

Եվ հետո հերիք է խոսեք ծառ տնկելու, որդի դաստիարակելու, գիրք գրելու մասին․ հիմարություն է։ Հիմա այդ ամենն անում են շատ կարճ ժամկետում, իսկ հետո ի՞նչ է, պետք է մահանա՞լ։ Ոչ մի նման բան։

Մահացել է Հայաստանի ամենատարեց մարդը` Ֆարանգ տատը

Վերջերս կյանքից հեռացավ Հայաստանի ամենատարեց քաղաքացին՝ Ֆարանգ Բաղդասարյանը։ Նա հարյուր տասնութ տարեկան էր։ Ծնվել էր Իրանում, Հայաստան էր տեղափոխվել։ Ոչ թե ծառ, այլ մի ամբողջ այգի է տնկել, դաստիարակել է որդիներին, դուստրերին, թոռներին, ծոռներին, միայն թե գիրք չի գրել։ Իմաստավորած է ապրել, ու կարելի է ենթադրել, որ ցավով է հեռացել։

Երկար կյանքի համար ոչ միայն ամուր առողջություն, այլև առողջ մոտիվացիա է պետք․ ինչի՞ համար եմ ապրում։

Հաջողակ գործարար Ալեքսեյ Պանֆերի կարծիքով՝ տղամարդու կարիերայի առաջին տասնհինգ տարին, որպես կանոն, անչափ աշխատամոլության ու չափավոր հարբեցողության դյուրավառ խառնուրդ է։ Իսկ հաջորդ տասը-տասնհինգ տարիների ընթացքում հարաբերությունը հայելաձև փոխվում է․ չափավոր աշխատամոլությունը գոյատևում է անչափ հարբեցողության հետ։

«Եթե դրանից հետո էլ ոչինչ չփոխել, մնում է միայն կաղ բադի քայլվածքով հասնել թոշակի ու հանդիսավոր դիմավորել կյանքի վերջին տարիները», — կարծում է գործարարը։

Ե՛վ տխուր է, և՛ հիմարություն, ու ոչ ոքի չես մեղադրի։

Հենց այդ տարիքում եմ ու պետք է հայտարարեմ (հասակակիցներս էլ թող հաստատեն)` կենսաթոշակային գրքույկը չի խանգարում ակտիվ կյանքին, իսկ որոշ իմաստով օգնում է նաև չանել ու չասել հիմարություններ, որոնցով առանձնանում են հայրենիքի թավշյա բարեփոխողներից ոմանք (ասում են կամ փորձի պակասից, կամ ավելի վատ՝ խելքի պակասից, կամ էլ չափազանց ինքնավստահ լինելու պատճառով)։

Ծերունիների դեպքում էլ է տարբեր կերպ լինում։ Մի անգամ իտալացի լրագրողը այցելել էր մի տատիկի, որը մի քանի Հռոմի պապ, Իտալիայի միավորում և այլ մեծ իրադարձություններ է տեսել, ու հարցրել է՝ ի՞նչ է եղել ու ի՞նչ կա հիմա, տատը պատասխանել է` կարտոֆիլը շատ է թանկացել։

Բուլղարաբնակ հայորդու երկարակեցության գաղտնիքը, կամ ինչով է զարմացնում Զոհրաբ Չալիկյանը

Ինչպե՞ս որոշել իմաստությունը։ Վերջերս ԶԼՄ-ները հայտնեցին, որ հայ գիտնականները դիվերսանտներին հայտնաբերող համակարգ են մշակել։ Համակարգը գործում է շարժվող մարդու արձակած ջերմության սկզբունքով․գործում է բոլոր եղանակային պայմաներում, կապ չունի` գիշեր է, թե ցերեկ։ Դեռ ոչինչ չի ասվում պետական գործունեության այս կամ այն ոլորտում մարդու կարողությունների ճանաչման ոլորտի մշակումների մասին։ Հայտնում են սեփական առողջության վերաբերյալ հետազոտությունների մասին։

Օրինակ` Սերգեյ Ֆագեն (ԱՄՆ, Սիլիկոնային հովիտ), որ երեսուներկու տարեկան է։ Սեփական առողջությունը հետազոտելու համար 200 հազար դոլար է ծախսել։ Օրական մոտ վաթսուն կենսահավելում է ընդունում, ութուկես ժամ քնում է, չի խմում, չի ծխում, կանանց հետ չի հարաբերվում, ուզում է 120 տարի ապրել։ Առնվազն։ Հաջողություն եմ մաղթում, Սերգեյ Ֆագե։

Մեր Ֆարանգ Բաղդասարյանը կենսահավելումներ չի ընդունել, քնել է այնքան, որքան թույլ են տվել տան գործերը, երեխաները, թոռները, հետո` ծոռները։ Խմելու ու ծխելու վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ 118 տարի է ապրել։ Ու իզուր չէր։ Հանգչիր խաղաղությամբ։

Հարցրեք՝ ո՞վ է ավելի հոգեհարազատ ինձ։ Առանց երկմտելու կասեմ՝ Բաղդասարյան Ֆարանգը։ Հակառակ դեպքում նպատակը ոչ թե իմաստն է, այլ Գինեսի ռեկորդների գիրքը։

Ֆարանգն այդ տարիքին է հասել առանց կենսահավելումների, քանի որ իմաստավորված ու օգուտով է ապրել, իմաստության, մեծահոգության ու հնազանդության օրինակ է ծառայել։ Սիլիկոնային հովտում չի եղել, քեմբրիջներ չի ավարտել, համոզված չեմ, որ կթական թեկուզ որևէ հաստատություն ավարտելու ատեստատ է ունեցել ։ Դա կարևոր չէ։ Քի՞չ են դիպլոմով ապուշները։

«Ես ուսումնասիրեցի աստվածաբանություն, փիլիսոփայություն, իրավագիտություն և բժշկություն։ Միևնույն ժամանակ հիմար եղել էի և այդպիսին էլ մնացի»։ Ողջույնի խոսքը` Ֆաուստից։

․․․Պնդում եմ, որ մարդ ցանկացած տարիքում ուզում է ապրել։ Հոսպիսների օգնության ռուսական բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսերը մի անգամ ասել է․ «Մենք չենք կարող կյանքին օրեր ավելացնել, բայց մենք կարող ենք օրերին կյանք ավելացնել»։

Ճիշտ է ասել։

Կյանք ավելացրեք ձեր օրերին ու երկար ապրեք։