«Օրինախախտումները սիրո և համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են». Փաշինյան

Վարչապետը մասնակցել է Ոստիկանության կոլեգիային նիստին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik.  Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացման ժամանակ:

Փաշինյանի քայլերը՝ խոշորացույցի տակ. ինչո՞ւ են արտասահմանյան այցերում ենթատեքստ փնտրում

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ նիստում քննարկվել են այս տարվա առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերող հարցերը:

«Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՛ հանրության, և՛ պետական մարմինների, և՛ իշխանության ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը:

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում վարչապետի խոսքն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: