ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Նախարարության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վրաց ժամանակակից նկարիչների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու, Մարտիրոս Սարյանի ու խորհրդային շրջանի վրաց նկարիչ Դավիթ Կակաբաձեի աշխատանքների համատեղ ցուցադրությունը Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներում կազմակերպելու հնարավորությունները:
Դեսպան Սագանելիձեն առաջարկել է իրականացնել երկու երկրների սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ համերգային նախագիծը, որի գաղափարի հեղինակը կոմպոզիտոր Գիա Կանչելին է:
«Կարծում եմ, որ արժե վերանայել այս նախագիծը, որի ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք արդեն կատարվել է»,-նշել է դեսպանը:
Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է, որ կանդրադառնա ոչ միայն հիշյալ նախագծին, այլև ներկայացված մյուս առաջարկներին՝ վստահեցնելով, որ հայկական կողմը շահագրգռված է մշակույթի ոլորտում ակտիվ համագործակցությամբ:
Քննարկվել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել երկկողմ մշակութային հարաբերությունները և պայմանավորվել` այն պահել նույն բարձր մակարդակի վրա: