Հայաստանի ոսկին` Սևանա լիճը. ի՞նչ պետք է անեն իշխանություններն այն պահպանելու համար

Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարվի Ամուլսարի հանքավայրի շահագործումից և մաքուր պահի լիճը լցվող գետերը, կարծում է «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի մարգարտի` Սևանա լճի գլխավոր թշնամիներից մեկը Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծն է։ Լիճը պաշտպանելու համար կառավարությունը պետք է գործարկի ամբողջ ավազանի առողջացման նախագիծը և հրաժարվի հանքավայրի շահագործումից։

Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը։

Թե ինչպես դաշնակցականներն ու Նիկոլայ II–ը փրկեցին Սևանը

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել` կապված Սևանի վիճակի հետ։ Նա նշել էր, որ պետք է լճի հարակից տարածքները մաքրել ապօրինի շինություններից։ Ուշադրություն է դարձվել վատ կազմակերպվող աղբահանությանը, զբոսաշրջիկների համար ծառայությունների որակին և դրանց անհամապատասխանությանը գնին, հասարակական լողափերի կազմակերպմանը։ Առաջարկվել են Սևանի ափերի բարեկարգման մի քանի տարբերակներ, այդ թվում` առափնյա գոտիների կառուցում։

«Պետք է սկսել Սևանի ավազանի առողջացման նախագիծը, հրաժարվել Ամուլսարից, որը գտնվում է նրա ջրաբաժանում։ Կառավարությունը պետք է հրաժարվի այդ 75 տոննա ոսկուց, որը փչացնում է Սևանը և Ջերմուկը»,– ասաց Սուխուդյանը։

Նրա խոսքով` զգալի խնդիր են մասնավոր լողափերը, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը, ինչպես նաև լիճը թափվող գետերի չափազանց աղտոտվածությունը։ Բոլոր 28 գետերի վտակներում հոսում է մաքուր խմելու ջուր, սակայն դրանք լիճ են հասնում աղտոտված, ասաց Սուխուդյանը։ Միակ մաքուր ջուրը թափվում է Սևան «Արփա–Սևան» թունելով։

Դանիելյան. «Եթե այսպես շարունակվի, Սևանի մակարդակը կրկին կիջնի»

Նա նշեց, որ կառավարությունը պետք է նախաձեռնի նաև Սևանի մակարդակը բարձրացնելու հարցը։ Այսօր դրա մակարդակը կազմում է 1900 մետր և 25 սմ` նախկին, պատմական 1916 մետրի փոխարեն։

«Պետք է հասկանալ, որ Սևանը կարող է օգտագործվել ի շահ բիզնեսի միայն ջուրը վաճառելու դեպքում», – ասաց Սուխուդյանը։

Նա բացատրեց`խմելու ջուրը ոսկին է, քանի որ արդեն չորս տարուց աշխարհում կարող է պատերազմ սկսվել խմելու ջրի համար։ Սուխուդյանը նաև առաջարկեց գործարկել ստորջրյա զբոսաշրջություն։ Սևանա լճի հատակը հարուստ է տարբեր տեսարժան վայրերով։

Մինչ փորձագետներն ահազանգում են, Սևանա լճում 2018թ–ի հուլիսի 1–ից բացվել է լողափնյա շրջանը։ Սևանի ափին գործում են 11 հասարակական լողափեր` 32,7 հա ընդհանուր տարածքով, բայց նորմալ լողափային ենթակառուցվածք ունեն միայն երեքը։ 2011թ.–ին լողափերի այցելուների թիվը կազմել է 100 հազար մարդ, 2012թ–ին` 120 հազար, 2013-2016թթ–ին այդ ցուցանիշը կազմել է 150 հազար։