«Հայաստանում ոչինչ չի փոխվել. ընդամենը տականքները գնացել են, նորերը եկել են». Խանդոյան

«Միայնակ գայլի» եղբայրը կարծում է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Իրականում Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն «իշխանիկների» տեղերն է փոխվել: ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ասել է Արարատ Խանդոյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսօրվա իշխանությունները, որ նախկինում բարձրաձայնում էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, այսօր շարունակում են անազատության մեջ պահել նախկին իշխանության օրոք ազատազրկված քաղբանտարկյալներին:

Արարատ Խանդոյանը հայտնել է նաև, որ իրենք առաջիկայում անպայման մասնակցելու են ընտրություններին, սակայն դեռևս քննարկման փուլում է, թե ինչ ձևաչափով են գնալու ընտրությունների:

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբայրն է։ Հուլիսի 16-ին դատարանը որոշեց Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արարատ Խանդոյանին պայմանական վաղաժամկետ արձակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի 17.06.2017 թվականի պատժի մնացած մասի (1 տարի 6 ամիս 5 օր) կրումից: Արարատ Խանդոյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան պատիժը չկրած մասի չափով և վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայություն վրա: Արարատ Խանդոյանին ազատ արձակել նիստերի դահլիճում:

Նա բերման էր ենթարկվել 2016 թվականի հուլիսի 20-ին ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում եւ մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել երեքուկես տարվա ազատազրկման:

Արարատ Խանդոյանը պատիժը կրում էր Արթիկ քրեակատարողական հիմնարկում: Ինչպես դատական նիստի մեկնարկին, այնպես էլ դատավորի՝ որոշումն ընթերցելուց հետո Արարատ Խանդոյանին հարազատներն ու համակիրները դիմավորեցին ծափերով: