Պահպանել զինադադարն ու հրաժարվել ագրեսիայից. նախարարը ՄԱԿ–ում խոսել է Արցախի մասին

Զոհրաբ Մնացականյանը Անտոնիու Գուտերեշին ներկայացրել է, թե ինչ է անհրաժեշտ բանակցային գործընթացի առաջմղման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Փաշինյանի կարպիսյան գարշապարը. Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղան

Ըստ հաղորդագրության` Անտոնիու Գուտերեշը ողջունել է նախարարին` ասելով, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով։ Նա շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը։

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, այդ թվում` արտահերթ ընտրությունների պատշաճ կազմակերպման բնագավառում։

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:

Բանակցային գործընթացի առաջմղման համար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։