«Ալրաղացի Լյովիկի» ազգականը` մաքսակետի պետ. ՊԵԿ–ի պարզաբանումները

Բագրատաշենի մաքսակետի պետ է նշանակվել «Ալրաղացի Լյովիկի» բարեկամը։ Նրա դեմ հետաքննություն են սկսել, բայց ոչ դրա համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սոցիալական ցանցերը չափազանցրել ու աղավաղել են Լևոն Սարգսյանի բարեկամի հետ կապված պատմությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի պետ Դավիթ Անանյանը։

ԱԱԾ–ն առաջիկայում կոռուպցիոներների նոր անուններ կհնչեցնի

Հիշեցնենք `մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսակետի (Վրաստանի հետ սահմանին) պետ է նշանակվել Արթուր Գասպարյանը, որն ալրաղացի բիզնեսով զբաղվող Լևոն Սարգսյանի` «ալրաղացի Լյովիկի» բարեկամն է (չխառնել Սերժ Սարգսյանի եղբոր` ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկանի հետ)։

Անանյանը նշեց` Գասպարյանը չի կարող լինել «ալրաղացի Լյովիկի» քրոջ որդին լինել այն պարզ պատճառով, որ նա թեև քույր ունի, բայց քույրը որդի չունի։

«Ինչ — որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ: Մամուլի հաղորդագրությամբ հերքումը տվել էինք, որտեղ նաև գրված էր, որ ըստ աշխատակիցների, տվյալ անձնավորությունը կամ պաշտոնյան, ինքը մասնագիտական առումով պատրաստված չէ և կոռուպցիոն առումով որոշակի մտահոգություններ են հայտնել մեր աշխատակիցները: Ես ուղղակի ծառայողական քննություն եմ նշանակել, որի արդյունքում կպարզվի աշխատակիցները նման բան ասել են, թե ոչ, և, ընդհանրապես, այդ մարդը այդպիսի որակական չակերտավոր ասած բաների մեջ վերապահումները տեղին են, թե չէ», — ասաց Անանյանը։

Նա նաև ավելացրեց` եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր և հրեշտակի թևերով, չի լինում նման բան: Անանյանը նշեց` սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի։