«Ցանկացած շփում պետք է ծառայի նպատակին». Զախարովան՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Մոսկվան դրական է համարում Արցախյան հիմնախնդրի հարցով Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը, սակայն կարծում է, որ Երևանը և Բաքուն պետք է գնահատեն դրա արդյունավետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը ողջունում է ցանկացած քայլ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության լիակատար կարգավորմանը կամ երկխոսությունը շարունակելուն։ Այդ մասին չորեքշաբթի ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Փաշինյանի կարպիսյան գարշապարը. Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղան

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում։ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ։

Զախարովան  նշել է, որ ցանկացած կառուցողական շփում, որը ձեռնարկում են կողմերը, պետք է ծառայի ընդհանուր գործին` հակամարտության կարգավորմանը։

Միաժամանակ Զախարովան կարծում է, որ հենց հանդիպման մասնակիցները պետք է գնահատեն դրա արդյունավետությունը և օգտակարությունը։

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ լիակատար կարգավորման կամ գոնե երկխոսությունը  շարունակելու ուղղությամբ», – նշել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվում է, որ համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և սադրիչ հռետորությունից հրաժարվելու կարևորությունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են սուբստանտիվ բանակցություններին վերադառնալու հետագա քայլերը։