ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Սլովակիայի հայտնի Dennik N պարբերականն օրերս ծավալուն հոդված էր հրապարակել աղմկահարույց մի խնդրի շուրջ։ Պարբերականում հրապարակված հետաքննական հոդվածի համաձայն` սլովակյան զինտեխնիկան Իսրայելի միջոցով հասել է Ադրբեջան։
Ու թեև Սլովակիայի իշխանությունները պնդում են, որ գործարքն օրինական է, փաստաթղթավորված, և որ զենքն արտահանվել է Իսրայել, այդուհանդերձ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն անընդունելի է համարում այն փաստը, որ հարձակողական զենքի մատակարարման վերջնակետը եղել է Ադրբեջանը: Մի երկիր, որը Հայաստանին ու Արցախին մշտապես սպառնում է պատերազմով:
Դեսպան Տիգրան Սեյրանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջան ուղարկվող զենքի մասին իր տեղեկություններն ու մտահոգությունները Սլովակիայի իշխանություններին է հայտնել է դեռ անցյալ տարի աշնանը, բայց դրանք մինչ օրս որևէ պատշաճ պատասխանի չեն արժանացել։
«Մենք հույս ունեինք, որ կկարողանանք կանգնեցնել այս գործարքը, բայց իրականում դա չստացվեց։ Խոսքը շուրջ 60 – 65 միավոր սպառազինությունների մասին է։ Դրանք են հաուբիցներ և «Վամպիր» հրթիռանետներ, որոնք Չեխոսլովակիայում արտադրվել են 70-80–ական թվականներին և պահեստավորված են եղել վարշավյան պայմանագրի անդամ տարբեր երկրների պահեստներում։ Վերջին շրջանում «Չեխոսլովակ Գրուպ» արդյունաբերական խումբը դրանք ձեռք է բերել այդ պահեստներից, նորոգել, արդիականացրել և Իսրայելի միջոցով վաճառել Ադրբեջանին»,– ասաց դեսպան Սեյրանյանը։
Պահեստներում մնացած զինատեսակների գնորդը պաշտոնական փաստաթղթերով իսրայելական Elbit Systems ընկերությունն է, բայց ՀՀ դեսպանատան և սլովակ լրագրողների հետաքննությունների համաձայն` դրանք Silk Way ավիաընկերության ինքնաթիռներով Բրատիսլավայից տեղափոխվել են Իսրայել, իսկ 2-3 ժամ անց նույն ադրբեջանական ինքնաթիռներով` Բաքու։
«Միայն միամիտ մարդը կարող է կարծել, որ Սլովակիայի իշխանություններն այս գործարքի վերջնակետի մասին տեղյակ չեն եղել, մանավանդ, որ, ինչպես ասացի` սեպտեմբերից մենք զգուշացրել էինք նրանց դրա մասին` ասելով, որ լիցենզիան խախտվում է, և սպառազինություններն Իսրայելից ուղարկվում են Բաքու։ Հետևաբար, նրանք բավական ժամանակ ունեին ստուգելու, ճշտելու այդ տեղեկություններն ու դադարեցնելու»,– ասաց Սեյրանյանը։
Այդուհանդերձ, դեսպանը շեշտեց, որ Հայաստանի ու Սլովակիայի գործընկերային ջերմ հարաբերությունները թույլ են տալիս եզրակացնել, որ տեղի ունեցածը պայմանավորված է բացառապես բիզնես շահերով։
Նշենք, որ սլովակյան Dennik N պարբերականում հուլիսի 14-ին լույս տեսած հետաքննական հոդվածում նշվում է նաև, որ չեխական հեռուստատեսությունը 2017թ.–ի սեպտեմբերից մինչև 2018թ.–ի հունիս երեք ռեպորտաժ է ցուցադրել սլովակյան ընկերության արտահանումների մասին։ Հեղինակների համոզմամբ` դրանցում խոսքը հենց Սլովակիայից Ադրբեջան հասած զինատեսակների մասին է։
Չեխիայի հեռուստատեսությունը հունիսի կեսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ արտահանված զենքն արդեն իսկ փորձարկվել է մարտական պայմաններում։