Մարտի 1-ի գործով գլխավոր քննիչը լքեց պաշտոնը

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հաստատվեցին։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վահագն Հարությունյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն։

Եվս մեկ նախկին նախարար հարցաքննվեց Մարտի 1–ի գործով

Այս հրաժարականը հանրության շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել, քանի որ Վահագն Հարությունյան 2008թ–ին Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր։

Ի պաշտոնե նա բազմիցս հայտարարել էր, որ մարտի 1-ին ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանները` օրինական։ Նա նաև հայտարարել էր, որ քննության ընթացքում ծառայողական պարտականությունների չարաշահման որևէ դեպք չի բացահայտվել:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Նոր բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարին

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության`որպես վկա։ Նրա հարցաքննությունը սպասվում է հուլիսի 25-ից հետո` արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ։ Այս իրադարձություններից հետո մամուլում մտավախություններ են հնչում, որ մարտի 1-ի գործի հետ կապ ունեցող անձինք կարող են խուսափել արդարադատությունից` հեռանալով երկրից։