Որքա՞ն գումար է Ալիկ Սարգսյանը տվել նախկին մարզպետին. նոր բացահայտումներ

ՀՀԿ–ական նախկին պաշտոնյաները շարունակում են իրար դեմ հաղորդումներ տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Արարատի նախկին մարզպետը Վարդգես Հովակիմյանը 2012թ-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից 60 000 դոլար է պահանջել` սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ այդ մասին իրավապահներին հայտնել է հենց Ալիկ Սարգսյանը։

Երբ քննչական մարմինը փորձել է պարզաբանումներ ստանալ նախկին մարզպետից, նա պատմել է, որ ոչ միայն Ալիկ Սարգսյանից գումար չի պահանջել, այլև ինքն է նրան տվել։

Ո՞ւմ դեմ է հաղորդում տվել նախկին ոստիկանապետը. Ալիկ Սարգսյանի խիղճը մաքուր է

Ըստ Հովակիմյանի` 2008 թվականին ինքը գումար է տվել ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել:

Հիշեցնենք` հուլիսի սկզբին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նախկին պաշտոնյաներից մեկի դեմ: Այլ մանրամասներ պաշտոնապես չհրապարակվեցին, բայց մամուլում տարածված լուրերի համաձայն` հաղորդումը վերաբերում էր Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին, որն այդ պաշտոնում 2008թ-ին փոխարինել էր Ալիկ Սարգսյանին, երբ վերջինը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ:

Վարդգես Հովակիմյանին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ Հովակիմյանը տարբեր առիթներով հայտարարել էր, թե այդ ամենի հետևում կանգնած է եղել Ալիկ Սարգսյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հրապարակեցին 2008-2010թթ. Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի նամակը, որը նա ուղարկել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, իսկ պատճենը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ըստ հրապարակումների` Սարգսյանն այդ նամակը ստանալուց հետո է դիմել ՀՔԾ՝ բողոքելով, որ Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով գումար կորզել:

Նոր բացահայտում. գյուղնախարարության պաշտոնյաներն ավելի քան 1.4 մլրդ դրամ են փոշիացրել

Նա Սերժ Սարգսյանին ուղղված նամակում հայտնել է, որ Ալիկ Սարգսյանը կաշառակեր է և ոստիկանի անունը արատավորող անձ։ Նա նաև հայտնել է, որ նախկին ոստիկանապետը կաշառք է վերցրել, որպեսզի ոմանց աշխատանքի ընդունի, բայց խոստումը չի կատարել։ Հովակիմյանը վստահեցրել է նաև, որ Սարգսյանը Արարատի մարզի ամենահարուստ մարդն է, և դժվար է գտնել մեկ այլ մարդու, որն այդքան սեփականության վկայական ունենա՝ շենքեր, շինություններ, գյուղնշանակության հողեր, ավազի, տրավերտինի և այլ հանքավայրեր, խանութներ ու հասարակական սննդի օբյեկտներ:

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 10-ին Ալիկ Սարգսյանը Վարդգես Հովակիմյանի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցվել էր քրեական գործ։

Քանի որ գործը վերաբերում է նախկին պաշտոնյաներին և ԱԺ պատգամավորին, այն այսօր փոխանցվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ։