«Հայաստանն ու նրա կամակատարները» Գանձակում շատ են տխրեցրել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Գանձակի անկարգություններում «հայկական» հետք է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բացահայտել է  հայերի հերթական «սադրանքը», այս անգամ` Գանձակում։

Ձերբակալություններ Սումգայիթում. ծրագրված են եղել նոր անկարգություններ

Հուլիսի 10–ին Գանձակի անկարգությունների ընթացքում, որն ըստ պաշտոնական տվյալների 150–200 կրոնական ծայրահեղականներից կազմված խումբն էր կազմակերպել, խռովարարները սպանել էին ոստիկանության երկու սպայի` Գանձակ քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևին ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գանձակի ժողովի ընթացքում Փաշազադեն հայտնել է, որ քաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ահաբեկչություն են ու շատ են «տխրեցրել» նրան։

Գանձակի անկարգություններից հետո Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները

«Դա երկրում կայունության ու խաղաղության, պետության ու պետական գործիչների դեմ մտածված սադրանք է։ Այդ սադրանքի հետ կապ ունեն հարևան պետությունները, մասնավորապես` Հայաստանը, նրա կամակատարներն ու օգնականները», – հավելել է Փաշազադեն։

Փաշազադեն առաջին անգամ չէ, որ «բարեհաջող» կերպով գտնում ու բացահայտում է  հայերի «բանսարկությունները»։

Փաշազադեն վստահ է, որ «հայերը 200 տարի շարունակ ադրբեջանցիներին սեփական կամքով չեն ցեղասպանել։ Նրանց մեջքին միշտ անջատողական ուժեր են կանգնած եղել»։