ԱԺ-ում փորձում են փակել «տեղական ֆեոդալների»` պատգամավորական աթոռ տանող ճանապարհը

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ քաղաքական ուժերը խոսեցին տեղական ֆեոդալներին, միլիոնատերերին ու թաղային հեղինակություններին պատգամավորական մանդատներից զրկելու հնարավորության մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ընտրական նոր կարգի հետ կապված` բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են մի հարցում` խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով: Այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստում միայն ՀՅԴ-ն հայտարարեց, որ որոշակի վերապահում ունի համամասնական ցուցակի բաց կամ փակ լինելու հարցում: Բայց այն, որ նոր ընտրակարգում մեծամասնական կամ ռեյտինգային ընտրություններ չեն լինելու, ընդունում են բոլորը:

Հայաստանի փոխվարչապետն ասաց` երբ պատրաստ կլինի ընտրական բարեփոխումների նախագիծը

«Տարածքներում մրցակցություն էր գնում քաղաքական անձանց ու միլիարդատերերի միջև, ու քաղաքական անձինք շատ բարդ իրավիճակում էին ընդդեմ միլիարդատերերի»,- խոսելով 2017թ-ի ռեյտինգային ընտրակարգի թերությունների մասին` ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Կառավարության ընտրական օրենսգրքի հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ հիշեցրեց, որ հենց այդ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ ՀՀԿ-ն առաջին անգամ առանց «նկարչության» կարողացավ 50-ից ավելի մանդատ ստանալ, իսկ մեկ տարի անց պարզվեց, որ այդ կուսակցությունն իրականում նման բարձր հեղինակություն ու վարկանիշ չունի ընտրողների մոտ:

«Մարդկանց ընտրությունը հիմնված էր ոչ թե քաղաքական ծրագրերի, գաղափարների, այլ անձանց վրա: Մարդիկ գնում էին ու քվեարկում իրենց թաղի լավ տղայի, իրենց հորեղբորորդու և գործատուի կամ գործատուի հորեղբորորդու օգտին: Կամ գուցե մեկին, որ իրենց կաշառք էր բաժանել, գուցե ճնշել էր: Այս մարդկանց կարող ենք պայմանական անվանել լոկալ ֆեոդալ»,- ասաց նա` հավելելով` քանզի այդ ֆեոդալները գերազանցապես ներկայացված էին մեկ կուսակցության կողմից, նրանց բերած ձայներն էլ ստացավ հիմնականում այդ մեկ կուսակցությունը:

Իսկ հետագա 1 տարվա խորհրդարանական գործունեության ընթացքում այդ ֆեոդալները խորհրդարանի աշխատանքներին գրեթե չեն մասնակցել, ելույթներ չեն ունեցել ու նույնիսկ իրենց տարածքների խնդիրները չեն բարձրացրել: Այս փորձի վրա հիմնվելով` նոր կառավարությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, և այդ մասին գրված է նաև Փաշինյանի ղեկավարած կառավարության` մայիսին ներկայացրած գործունեության ծրագրում: