Հայկական միրգը մյուս տարվանից ուզում են ապահովագրել կարկուտից. փոխնախարար

Գյուղացիական ապահովագրությունը կփորձարկեն երեք մարզում։ Կսկսեն բուսաբուծությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Գյուղացիների համար ապահովագրական առաջին վկայագրերը Հայաստանում կարող են հայտնվել 2019թ-ին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Ուզում եք չիր պատրաստել, թե ջերմոց տեղադրել. Հայաստանում կիջեցնեն վարկի տոկոսադրույքները

Ո՞ր վտանգներից պետք է ապահովագրել մրգի այգիները և բանջարեղենի դաշտերը։ Որքա՞ն պետք է վճարել ֆերմերին, եթե բերքը կարկտահարվել է կամ արմատից չորացել։ Ապահովագրական ռիսկերը գնահատելու և ապահովագրական վկայագրեր կազմելու համար ստեղծվում է Ագրարային ռիսկերի կրճատման ազգային կենտրոն (NARMA)։

Կենտրոնական բանկի հետ միասին գյուղատնտեսության նախարարությունն ընտրել է երեք մարզ, որոնցից կսկսեն ապահովագրությունը։ Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն Արարատը, Արմավիրը և Վայոց Ձորը` որպես բանջարաբուծության և մրգաբուծության կենտրոն։ Վերջին տարիներին այդ քաղաքականությունը տարածում են նաև մյուս մարզերի վրա։ Առաջին փուլում կապահովագրեն բուսաբուծությունը (անասնաբուծության դեպքում որոշել են մի քիչ սպասել)։

Անցած տարիների կարկուտի և բույսերի հիվանդությունների մասին տվյալների հիման վրա գյուղատնտեսության նախարարությունը կազմել է ռիսկերի քարտեզ։ Այդ տվյալներն արդեն հավաքվել և փոխանցվել են կոնսորցիումի փորձագետներին։ Հաշվի առնելով կլիմայական ռիսկերը` նրանք կգնահատեն ֆինանսական ռիսկերը։

Այնտեղ, որտեղ ռիսկերը շատ բարձր են, օրինակ, հաճախ կարկուտ է գալիս, այնտեղ ապահովագրությունը թանկ կլինի։ Բայց եթե գյուղացին այգում ունի հակակարտկային ցանց կամ կաթիլային ոռոգում, ապա նա կարկուտից կամ երաշտից ավելի քիչ կտուժի, ուստի վկայագիրն ավելի էժան կլինի։

Հայաստանի հարավում ցրտաշունչ ձմռան համար կենսավառելիք կարտադրեն

«Այդ տեխնիկան ձեռք բերելը հիմա ավելի հեշտ է, քան նախկինում, որովհետև պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների լիզինգը», — բացատրեց փոխնախարարը։

NARMA կոնսորցիումում արդեն ընդգրկվել են 3 կազմակերպություն` շվեյցարական Swiss Re վերապահովագրողը, ինչպես նաև մի շարք կազմակերպություններ ԱՄՆ-ից, Բելգիայից, Իտալիայից և Ուկրաինայից։ NARMA-ն վնասը կգնահատի փոխհատուցման դեպքում (որպեսզի ռիսկեր չառաջանան, թե ապահովագրողը կնվազեցնի այն)։

Գյուղացիների ապահովագրությունը Հայաստանի համար նոր գործ է։ Ուստի վկայագրերը մշակել են արտասահմանյան փորձագետները` տեղի ապահովագրողներին օգնելու համար։ Դրանց արժեքը ֆիքսված չի լինի (ի տարբերություն` ԱՊՊԱ-ի)։ Գինը կորոշի շուկան։ Անապահով գյուղացիների ապահովագրական վկայագրերը կսուբսիդավորվեն։ Որքանո՞վ։ Նախարարությունն այդ հարցին կպատասխանի մոտ ապագայում։