Հայաստանը գոհ է ՆԱՏՕ–ի հռչակագրից

ՆԱՏՕ–ն հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ–ի կանոնադրության ու Հելսինկիի ակտի հիման վրա։ Բալայանի խոսքով` Հայաստանն էլ է նույնն ասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՆԱՏՕ-ի` հակամարտությունների լուծման մասին հռչակագիրը համապատասխանում է Հայաստանի` Արցախի վերաբերյալ հայտարարություններին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Արցախը` բանակցություններում. Ադրբեջանին պետք է «համոզել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով

Բրյուսելում ընդունված հռչակագրում նշվում է, որ դաշինքը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Վրաստանի տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության կողմնակից է։

«ՆԱՏՕ-ի հռչակագրի 67-րդ պարագրաֆում նշվում է, որ հակամարտությունները պետք է լուծվեն գործող ձևաչափերում ու միջազգային սկզբունքների` ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիմնվելով», — ասաց Բալայանը։

Նրա խոսքով` դա հենց այն է, ինչի մասին խոսում է Հայաստանը` միջազգային իրավունքի ու գործող ձևաչափի շրջանակում լուծման մասին։

ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում, որն ընդունվել է Բրյուսելում, նշվում է, որ դաշինքը հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնավարությանն աջակցելուն։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ այդ սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։