ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14-ին հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարը մեղադրվում է ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուի համար ընտրակաշառք բաժանելու համար։ Հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր, թե ով է եղել այդ թեկնածուն։
Ոստիկանությունն այսօր` հուլիսի 16-ին, նոր բացահայտումներ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ փաստերի, հայտնել է նաև ընտրակաշառք բաժանած թեկնածուի անունը։
«Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ
Հիշեցնենք` ՀՔԾ-ն հայտնել էր, որ այս գումարի դիմաց գյուղապետը խոստացած 1300 ձայնի փոխարեն ընդամենը 800 ձայն էր ապահովել, ուստի մնացած 5 մլն դրամը վերադարձրել էր թեկնածուին։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն` Մալիշկա գյուղապետից բացի, չարաշահումներին մասնակցել է նաև որդին, որը Մալիշկայի մարզադպրոցի տնօրենն է ու գյուղապետարանի հաշվապահը։
Բացի այդ, 2017 թվականին գյուղապետը գյուղապետարանի հաշվապահին հրահանգել է գյուղի սոցիալապես անապահով 11 բնակչի անվամբ 410.000 դրամ օգնություն դուրս գրել ու գրպանել է ամբողջ գումարը։
Ի դեպ, նշենք, որ թեև նախաքննական մարմինը միջնորդել էր կալանավորել գյուղապետին, բայց դատարանը նրան ստորագրությամբ ազատ է արձակել։
Հիշեցնենք, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր էին ընտրվել ՀՀԿ-ականներ Վահե Հակոբյանն ու «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը։
Հատուկ քննչական ծառայությունը դատարանին միջնորդել է գյուղապետ Մհեր Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Մալիշկայի գյուղապետ Մովսիսյանը 1989-2002թթ. աշխատել է գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Իսկ 2002թ.-ին ընտրվել է գյուղապետ ու անփոփոխ մնացել այդ պաշտոնում մինչ օրս։
2006թ. Մովսիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2007թ. պարգևատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով:
2011թ. ՀՀ վարչապետի հրամանագրով ճանաչվել է համայնքի լավագույն ղեկավար: