Հայտնի է` որ ֆիլմը լավագույնը ճանաչվեց «Ոսկե ծիրան» փառատոնում. լուսանկարներ

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի ժյուրին հայտարարեց այս տարվա լավագույն խաղարկային ֆիլմի անվանումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին Ա․ Խաչատրյանի հանդիսադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Միջազգային խաղարկային ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի (Ուկրաինա/Գերմանիա) «Հրաբուխ» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի` Ժերմինալ Ռոոյի (Շվեյցարիա) «Ֆորտունան»։

Երեք հայտնի անուն. երեք պատվո աստղեր ավելացան Շառլ Ազնավուրի հրապարակում. լուսանկարներ

Միջազգային վավերագրական ֆիլմերից «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսոր Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդեռլանդներ) «Հեռավոր Համաստեղություն» ֆիլմը, «Արծաթե ծիրանի»` Այնարա Վերայի (Իսպանիա) «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը ստացել է Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի «Հստակ աշխարհ» ֆիլմը։

«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի անվանակարգերում Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհվել է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչված «Եվա» ֆիլմին (ռեժիսոր` Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան))

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը հանձնվել է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմ ճանաչված «Քամու հետ» կինոնկարին (ռեժիսոր` Արթուր Սահակյան (Հայաստան))։

Հրանտ Մաթևոսյանի մրցանակը լավագույն սցենարի համար տրվել է ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմին, իսկ լավագույն դերակատարման համար Սոս Սարգսյանի մրցանակը` Շանթ Հովհաննիսյանին` «Եվա» ֆիլմում մարմնավորած դերի համար։
«Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար հանձնվել է Դարեն Արոնոֆսկուն (ԱՄՆ) և Ասղար Ֆարհադին (Իրան)։

«Վարպետ» ֆիլմի համար փառատոնի հատուկ մրցանակների են արժանացել Լարի Սմիթը (Միացյալ Թագավորություն) և Շոն Բեյքերը (ԱՄՆ)։

1 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
2 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
3 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
4 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
5 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
6 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
7 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
8 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
9 / 9
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն

Պատվավոր «Ոսկե ծիրան» մրցանակը հանձնվել է Հասմիկ Պապյանին, «Արծաթե ծիրանը»` Բեկի Պռոբստին, Արսինե Խանջյանին ու Դավիթ Սաֆարյանին։Երևանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի այս տարվա գլխավոր մրցանակին արժանացած «Հրաբուխ» ֆիլմը Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի համատեղ արտադրության է։

Ֆիլմը պատմում է ԵԱՀԿ գրասենյակի թարգմանիչ Լուկասի մասին, որը դիտարկման առաքելություն իրականացնող խմբի հետ ժամանում է Ղրիմի սահմանակից տարածք։

Տարօրինակ դիպվածների շարանը նրան հասցնում է ուկրաինական տափաստանի մի հեռավոր գյուղ, որտեղ կյանքը նրան թվում է իրականությունից կտրված: Գնալու տեղ չունենալով` քաղաքաբնակ տղան ապաստան է գտնում վառ բնավորությամբ օժտված մի տեղացու տանը: Իրեն հյուրընկալող Վովային որպես իր ուղեվար ընդունելով` Լուկասը բախվում է իր պատկերացումներից դուրս գտնվող մի անարխիստական աշխարհի, որտեղ միախառնվել են անցյալ, ներկան ու ապագան, և որտեղ ամեն օրը կարող է դառնալ վերջինը։

Վովայով ու նրա դուստր Մարուշկայով հրապուրված Լուկասի արհամարհանքը գավառական կյանքի հանդեպ կամաց-կամաց հալվում է՝ նրան մղելով այնպիսի երջանկություն որոնելու, որի գոյության մասին երբեք չի իմացել: Ի վերջո, օտարականն այնքան է հարմարվում, որ որոշում է նոր կյանք սկսել այդտեղ։

«Իսկ ես պատրաստվել էի»․ ուրախ Դարեն Արանոֆսկին ջրել է «Ոսկե ծիրանի» հյուրերին

«Հրաբուխ» ֆիլմի պրոդյուսերն է Օլենա Երշովան, սցենարի հեղինակներն են Ալլա Տյուտյուննիկը, Ռոման Բոնդարչուկը, Դարյա Ավերչենկոն, օպերատորը` Վադիմ Իլկովը, նկարիչը` Կիրիլ Շուվալովը, կոմպոզիտորը` Անտոն Բայբակովը։

Ռոման Բոնդարչուկն ավարտել է Կ. Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության համալսարանի շրջանավարտ է: Նրա ավարտական ֆիլմը` «Տաքսիստը», արժանացել է Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին, իսկ «Կինոշոկ» բաց ԿՓ-ում՝ Ռուսաստանի պրոդյուսերների մեծ մրցանակին։

Բոնդարչուկը նկարահանել է նաև մի շարք կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ, որոնք մրցանակներ են շահել ուկրաինական և միջազգային փառատոներում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004-ին։ Երևանյան 15-րդ փառատոնում այս տարի, «Հրաբուխ» ֆիլմից բացի, ներկայացված էին ևս 11 խաղարկային և 13 վավերագրական ֆիլմ։ Փառատոնը մեկնարկել է հուլիսի 8-ին և ընթացել Երևանում ու Գյումրիում։