Նախկին մոնոպոլիստ–բրոկերը 7 միլիոն դոլար կվերադարձնի ՀՀ բյուջե ու կփակվի

Պետական ընկերություն է ստեղծվում, որն աշխատելու է` խստորեն հետևելով օրենքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը կմարի իր պարտքը Հայաստանի բյուջեին ու կփակվի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Կոռուպցիոներներին թափ կտանք ու բարեփոխումների գումար կգտնենք. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին

Ընկերությունը փոքր խմբաքանակով հագուստ կամ այլ ապրանք ներկրող փոքր խանութների մաքսազերծման ծառայություններ էր մատուցում։ Երկու կողմն էլ շահում էին` «Նորֆոլկն» իր վրա էր վերցնում մաքսազերծումը և հավելավճարն իրեն էր պահում։ Փոքր բիզնեսը մաքսազերծման վրա ժամանակ չէր ծախսում։ Տուժում էր միայն բյուջեն։

Ընկերությունները, որոնք ապրանք էին ստանում կոնտեյներով, ՊԵԿ-ից հրահանգ էին ստացել բեռները մաքսազերծման համար միանգամից հանձնել «Նորֆոլկ» ընկերությանը։ Իսկ ընկերությունը չարաշահում էր մենաշնորհն ու վճարումը կանխիկ գումարով էր ընդունում` չձևակերպելով դրանք։

Նախնական վերլուծության արդյունքում 2017 թվականի օգոստոսի 1-ից 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգը» կանխիկ 37,6 միլիոն դոլար է ստացել։

Հիմա ընկերությունը մոտ յոթ միլիոն դոլար է պարտք պետբյուջեին։ Անանյանն ավելացրեց, որ դրանցից հինգը ընկերությունը կվճարի մինչև հուլիսի 20-ը, իսկ մինչև օգոստոսի վերջ ընդհանրապես կփակվի։

Փոխարեն պետական բրոկեր կհայտնվի։ Վճարները նույնը կլինեն (ապրանքի մաքսային արժեքի 0,7%-ը), բայց` միայն փաստաթղթերով ու բոլոր անհրաժեշտ հարկերով։