ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանի վերջին երկու նախագահների լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի սև–սպիտակ լուսանկարի հեղինակը, ժամանել է Աստանա և զարմացել, որ նրան ճանաչում են փողոցում։ Այս մասին գրում է Sputnik Ղազախստանը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի սև–սպիտակ լուսանկարը, որն արել էր Հակոբյանը, անցած աշնանը «պայթեցրել» էր սոցցանցերը։ Հայ լուսանկարչին հաջողվել էր «որսալ» Ղազախստանի առաջնորդի հայացքը Սոչիի գագաթնաժողովում. սև–սպիտակ լուսանկարը ոմանց «Քարտերի տուն» սերիալն էր հիշեցրել։
«Մայրաքաղաք եմ ժամանել լուսանկարչական փառատոնին մասնակցելու համար։ Աստանայում վերջին անգամ երեք ամիս առաջ եմ եղել։ Տաքսիում, առևտրային կենտրոններում, երբ զրուցում եմ մարդկանց հետ, հարցնում են, թե ինչով եմ զբաղվում։ Երբ ասում եմ այն լուսանկարի մասին, բոլորն անմիջապես հիշում են կադրը։ Կարծում եմ, բոլոր ղազախները տեսել են այդ լուսանկարը։ Երբեմն նույնիսկ փողոցում էին ինձ ճանաչում։ Մզկիթում և թանգարանում ճանաչեցին։ Հաճելի է», – Sputnik–ին ասել է Հակոբյանը։
Լուսանկարիչը նշել է, որ հազիվ թե կարողանա նույնատիպ կադրը նաև այս տարի որսալ։
«Կփորձեմ ավելի հզոր լուսանկար անել։ Բայց կարծում եմ, չի ստացվի։ Քանի որ յուրաքանչյուր լուսանկարչի մոտ միայն մեկ անգամ է ստացվում նման բան», – ասել է նա։
Հարցին, թե արդյոք Հակոբյանը Ղազախստանում աշխատելու առաջարկ ստացե՞լ է, նա պատասխանել է, որ այստեղ իրեն ավելի լավ է զգում հյուրի կարգավիճակում։
Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչը դառնալու համար, նրա խոսքով, որևէ առանձնահատուկ բան անել պետք չէ։
«Մեր հին լուսանկարիչը թոշակի է անցել, նրան երիտասարդ փոխարինող էին փնտրում։ Ես նախագահի աշխատանքը լուսաբանող լուսանկարչական գործակալության աշխատակից էի։ Ակտիվ էի», – ասաց Հակոբյանը։
Նազարբաևի սև–սպիտակ լուսանկարը շապիկների, բաժակների և մագնիտների վրա օգտագործելու համար Հակոբյանը նյութական փոխհատուցում չի պահանջում։