Հայկական օրինակը վարակիչ է. ֆրանսիացիները Փարիզում Թումո կբացեն

Հայաստանում ՏՏ ոլորտը հիանալի հաջողություններ է գրանցում, Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի մասնակիցները հաճելիորեն զարմացած կլինեն, կարծում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Սեպտեմբերին Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Նրա կարծիքով` Երևանում Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի մասնակիցներն այս տարվա աշնանը կհիանան այն հիանալի, փայլուն ձեռքբերումներով, որոնք արձանագրում է Հայաստանում ՏՏ ոլորտը։

Փարիզին «հեղափոխություն» բառը չի վախեցնում. Լաքոտը` Հայաստանի իրադարձությունների մասին

«Նրանք իսկապես հաճելիորեն կզարմանան», – ասաց Լաքոտը։

Նրա խոսքով` Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվող բիզնես ֆորումի շնորհիվ ներդրողների և գործարարների ցանց է ստեղծվելու, որոնց համար առաջնային ոլորտ լինելու է տեղեկատվական տեխնոլոգիաները։

Նման փոխգործակցության կարևոր օրինակ է այն, որ սեպտեմբերին Փարիզում նախատեսում են «Թումո» բացել։

«Թումո կա Երևանում, շուտով կլինի Մասիսում, Թումո կա Բեյրութում, ևս մեկը Տիրանայում։ Եվս մեկը Փարիզում կբացվի», – ասաց Լաքոտը։

Նա նշեց, որ այդ քաղաքները կապված են Ֆրանկաֆոնիայի հետ, և կենտրոններն իրենց դերը կունենան։ Լաքոտի կարծիքով` գագաթաժողովից հետո դրա մի շարք մասնակիցներ կցանկանան իրենց երկրում «Թումո» կենտրոններ բացել։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նորարար կենտրոն է, բաց մեդիա–ստուդիայով, այն Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Կենտրոնը 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում։ Ավելի ուշ նման կենտրոններ բացվեցին Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։