Սասուն Միքայելյանը խոսեց որդու` քաղաքապետ դառնալու ցանկության մասին

Հրազդանի քաղաքապետի թափուր աթոռը կարող է հասնել նախկին քաղաքապետի որդուն։ Հայրը դրանում վատ բան չի տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը դեմ չէ, որ որդին Հրազդանի քաղաքապետ դառնա, բայց որոշողն ընտրողն է։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։

Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. նոր քաղաքապետի բացահայտումը

«Որ դառնա, ես մեծ սիրով կընդունեմ: Իմ որդին արդեն չորրորդ տարին է Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքայինի ղեկավարն է ու էն ժամանակ չգիտեինք, որ չորս տարի հետո իշխանափոխություն կլինի: Նա ՔՊ անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին է»,- ասել է Միքայելյանը։

Իսկ ՀՀԿ-ն, նրա համոզմամբ, Հրազդանում իշխանության վերադառնալու շանսեր չունի։

1996-99թթ. Սասուն Միքայելյանն ինքն էր Հրազդանի քաղաքապետը։ Այսօր այդ պաշտոնում առաջադրվելու մտադրություն ունի նրա որդին։

Հրազդանի քաղաքապետ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի հրաժարականից հետո քաղաքում անցկացվելու են արտահերթ ընտրություններ։

Նախկին քաղաքապետը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 2-ին` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։