Հայաստանի հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել. Փաշինյան

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Փաշինյանը պատասխանել է լրագրողների` Արցախյան հիմնահարցի մասին հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը դարձել է ավելի ագրեսիվ: «Ամենպրեսի» փոխանցմամբ` Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան մուտք գործելիս, լրագրողների հարցերին ի պատասխան ասել է վարչապետ Փաշինյանը։

«Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի նոր կառավարության առաջ ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է: Այդ համատեքստում նա Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ:

Հիշեցնենք` հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։ Նախանշված են հանդիպումներ նաև Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

«Ադրբեջանը հաղթել է իշխանության պահպանման հարցում». Ալիևի չփոխվող «երգացանկը»

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի և հաստատակամ աջակցության առաքելության մասնակից գործընկեր երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների նիստին, որի ժամանակ հանդես կգա ելույթով:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք, որտեղ կհանդիպի ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Նախատեսվում է նաև հանդիպում Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, այցելություն Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումից հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: