Միհրան Պողոսյանն իրավապահներից չի վախենում. նա սխալվել է, բայց չարաշահումներ չի արել

ԱԺ պատգամավորն անդրադարձավ նախկինում իր նկատմամբ հարուցված քրեական գործին, նշեց, որ ուրախ կլինի, եթե այն վերաբացվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԱԺ հանրապետական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը բացահայտումներից չի վախենում և չի կարծում, թե նոր իշխանությունն ընկել է հնի հետևից: Այս մասին նա այսօր հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում ընդհանրապես, ես աշխատող մարդ եմ, միշտ աշխատել եմ, կարող է` սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումների, ինչ-որ ապօրինությունների առումով ես խնդիր չեմ տեսնում: Նորից եմ ասում՝ պատրաստ եմ ցանկացած հարցին պատասխան տալու»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե չի վախենո՞ւմ, որ նոր իշխանությունը որոշի վերաբացել ժամանակին իր անվան հետ կապված օֆշորային գործը, Միհրան Պողոսյանը վստահեցրեց, որ միայն ուրախ կլինի և պատրաստ է անգամ աջակցել գործին:

Ո՞ւմ դեմ է հաղորդում տվել նախկին ոստիկանապետը. Ալիկ Սարգսյանի խիղճը մաքուր է

«Այդ ամենը եղել է շոու։ Եթե նոր իշխանություններն անհրաժեշտություն գտնեն վերաբացել այդ քրեական գործը, ես կաջակցեմ ու կներկայացնեմ այն բոլոր փաստերը, որ ունեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք` 2016թ-ին Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարողի անունը հայտնաբերվել էր օֆշորային հայտնի «Պանամյան փաստաթղթերում»: Դրանց համաձայն` Պանամայում Միհրան Պողոսյանի անունով գրանցված երկու ընկերություն հանդիսանում են հայաստանյան «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնետերերը: Իսկ այդ ընկերությունը Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ-ի պատվերով անշարժ ու շարժական գույքի գնահատում են իրականացրել: Այդ հրապարակումից ու դրա հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց շուրջ 8 տարի զբաղեցրած պաշտոնից։ Ավելի ուշ գործը կարճվեց` փաստերի չհիմնավորվելու հիմքով: