Հայաստանի անվտանգության համակարգը շատ առումներով կապված է Ռուսաստանի հետ. ԱԱԽ քարտուղար

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն արդյունավետ է համարում Ռուսաստան կատարած այցը և վստահեցնում, որ դրա արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի անվտանգության համակարգը շատ առումներով կապված է Ռուսաստանի հետ։ Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով իր այցը Ռուսաստան, ասել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԼՂ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է, մնացածը բեմադրություն էր

«Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ռուսաստանի հետ և Հայաստանի անվտանգության համակարգը ընդհանուր առմամբ ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ և անվտանգության տրամաբանության շրջանակներում տրամաբանական է հենց առաջին այցը կատարել Ռուսաստան», — ասել է նա։

Գրիգորյանի կարծիքով` Ռուսաստանի Դաշնություն կատարած այցը շատ արդյունավետ էր, ու դրա արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն։ Նա ընդգծել է` Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա երկկողմ ըմբռնում, իրար հասկանալու երկկողմ հնարավորություն:

Գրիգորյանը ներկայացրել է ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման մանրամասները։ Քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմական բաղադրիչը, ինչպես նաև ռուսական սպառազինություն ձեռք բերելու, Հայաստանում ռազմական արդյունաբերությունը զարգացնելու հետ կապված հարցեր։

«Ես համոզված եմ, որ մտահոգությունների ահռելի մասը օրակարգից դուրս են եկել: Հաջորդ անգամները, երբ մենք հանդիպենք, այդ հարցերն այլևս օրակարգում չեն լինելու, համոզված եմ», — ասել է ԱԱԽ քարտուղարը:

Գրիգորյանի խոսքով` նա մտահոգություն է հայտնել ոչ միայն Նախիջևանի վերաբերյալ, այլև Ռուսաստանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների` Ադրբեջան կատարած այցի և նրանց կողմից հայտնած մտքերի վերաբերյալ, որոնք հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Քննարկվել են նաև արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները։

«Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը», — ասել է Գրիգորյանը։

Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-7-ն այցելել է Մոսկվա։ Այցի շրջանակում նա հանդիպումներ է անցկացրել ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի, ռուս քաղաքագետների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։