Թուրքիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ կան

Թուրքիայի հյուսիս–արևմուտքում ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են ընկել ռելսերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել են 24 մարդ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Գնացքը դուրս է եկել ռելսերից հուլիսի 8-ի երեկոյան Թուրքիայի արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգում։ Երկրի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղի խոսքով` դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսի 9-ի առավոտյան։

Աքդաղը նշել է, որ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են։ Առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանը հաղորդել է, որ հիվանդանոցներ է տեղափոխվել 318 ուղևոր, որոնցից 124-ն անցնում է ստացիոնար բուժում։

Նախնական տվյալներով` մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել հորդառատ անձրևի պատճառով, որը Թեքիրդաղի շրջանում քշել տարել է ռելսերի տակի հողը։

Վթարի պահին գնացքում եղել են 362 ուղևոր և երկաթուղային ծառայության 6 աշխատակից։