ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզից ԱԺ-ի 6-րդ գումարման պատգամավոր դարձած ընտրյալների գործունեությունը մոնիտորինգի է ենթարկվել: «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում շիրակցիներն արդեն կարող են հստակ պատկերացում ունենալ՝ ԱԺ ճանապարհած 6 պատգամավորից ով է քրտնաջան աշխատել, և ով է գումար ստացել պարզապես ներկա գտնվելու համար:
Պարզվում է` պարտաճանաչությամբ աչքի ընկնող շիրակցի պատգամավորը Վարդևան Գրիգորյանն է որն ունի ընդամենը 4 բացակայություն, իսկ բացակայություններով աչքի ընկած պատգամավորներն են Վարդան Ղուկասյանն ու Արման Սահակյանը՝ համապատասխանաբար՝ 37 և 32 բացակայություն:
ԱԺ երեք նստաշրջանների ավարտին օրենքների և դրանց փոփոխությունների ընդունմանն ամենաշատը «կողմ» է քվեարկել Ֆելիքս Ցոլակյանը՝ 417 կողմ, իսկ ամենաքիչը` Վարդան Ղուկասյանը՝ 294 կողմ:
Ամենաշատ դեմ քվեարկող շիրակցի պատգամավորը Վարդևան Գրիգորյանն է եղել:
Եթե համեմատենք «թեժ» օրինագծերի քվեարկությունները, ապա Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը և Ռոմիկ Մանուկյանը կողմ են քվեարկել Հանրաքվեի, Անվտանգության խորհրդի, Ներման մասին, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին, Փոփոխություններ դատական օրենսգրքում, Ընտանիքում բռնության կանխարգելում, Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ, Բյուջե 2018, Հայ-ռուսական միացյալ զորախումբ օրինագծերին:
Ի տարբերություն, նախորդ տարիների, 6-րդ գումարման ԱԺ-ում Շիրակի մարզը ներկայացող պատգամավորները անցած նստաշրջաններին բավական ակտիվություն են ցուցաբերել:
Պատգամավորներն հիմնականում առաջնորդվել են խմբակցության դիրքորոշմամբ: Վարդան Ղուկասյանի, Վարդևան Գրիգորյանի և Տատյանա Միքայելյանի քվեարկությունների համընկնումը հասնում է 90 տոկոսի: Սակայն որոշ դեպքերում պատգամավորները չեն կիսել խմբակցության կարծիքը: Օրինակ` մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության նիստում Ֆելիքս Ցոլակյանը չկիսեց խմբակցության կարծիքը, և նա ՀՀԿ միակ պատգամավորներն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ շիրակցի պատգամավորներից ՀՀ վարչապետի ընտրության դեմ քվեարկած միակ պատգամավորը Արման Սահակյանն էր:
Շիրակի մարզը ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ունի 6 պատգամավոր։ Նրանցից 2-ը` Արմեն Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը, ընտրվել են ՀՀ տարածքային ցուցակից, 2-ը՝ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը՝ «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակից, 1-ը` Ռոմիկ Մանուկյանը, ՀՅԴ տարածքային ցուցակից, և ևս 1 պատգամավոր՝ Տատյանա Միքայելյանը, ընտրվել է «Ծառուկյան» դաշինքի կողմից` որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:
Արման Սահակյանը 2018 թ հունիս 2-ին, իսկ Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 4-ին, իրենց դիմումի համաձայն, դուրս են եկել ՀՀԿ խմբակցությունից՝ պահելով պատգամավորական մանդատը: