ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի գալիք հանդիպումը բեկումնային չի լինի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, կարծում էքաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Բրյուսելում։
«Չարժե մեծ ակնկալիքներ ունենալ այդ հանդիպումից», — ասաց Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով` գլխավորն այն է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ «թավշյա հեղափոխությունից» հետո մտավախություն կար, որ բանակցային գործընթացը կարող է կանգ առնել։ Առավել ևս, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ Արցախի իշխանությունների անունից։ Արդյունքում որոշակի անորոշություն է ծագել իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Քաղաքագետը քիչ հավանական է համարում այն, որ հայկական կողմն այսօր արցախյան կարգավորման հարցում փոխզիջման կգնա` հաշվի առնելով հասարակության դիրքորոշումը։
«Ներկա իշխանությունները հիմնականում հենվում են հասարակական կարծիքի վրա։ Իսկ այդ կարծիքը բավականին կոշտ է, քանի որ 2016թ-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ փոխզիջումների գնալու հռետորությունը հակաարդյունավետ է և արդյունք չի տալիս», — նշեց Բոզոյանը։
Նրա խոսքով` այսօր հայ հասարակությունն արդեն չի վախենում, որ իշխանությունները կարող են գնալ քայլերի, որոնք կվտանգեն Արցախի անվտանգությունը։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի մասնակցությանը բանակցություններին` որպես լիարժեք կողմ, ապա, քաղաքագետի կարծիքով, այս փուլում Ադրբեջանը հազիվ թե գնա դրան, թեև բոլորը, այդ թվում` միջնորդները, խոստովանում են, որ ինչ-որ փուլում Արցախը պետք է միանա խաղաղ գործընթացին։
«Միշտ ընդունել են այն փաստը, որ ինչ-որ փուլում Արցախը պետք է միանա բանակցություններին, որովհետև առանց Արցախի իշխանությունների ոչ մի վերջնական փաստաթուղթ չի կարող ընդունվել», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Բանակցություններում Արցախի մասնակցությանը հասնելու համար Արցախը պետք է փոխի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը, համոզված է փորձագետը։
«Ներկա հավասարակշռությունը մեզ թույլ չի տալիս խոսել ուժերի դիրքերից։ Իհարկե, երկրում տեղի է ունեցել «թավշյա հեղափոխություն», Հայաստանի միջազգային վարկանիշը բարձրացել է։ Արդյունքում մենք ուժեղանալու հնարավորություն ենք ստացել, բայց առայժմ չենք ուժեղացել», — կարծում է քաղաքագետը։
Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները` Բոզոյանը նշեց, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս ռազմատենչ հռետորությամբ` որոշելով, որ 2014թ-ից սկսած ռազմական և ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվել է հօգուտ իրեն, և նա իրավունք ունի խոսել ուժի դիրքերից։
Չնայած այդ հանգամանքին` քաղաքագետը համոզված է, որ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է պատճառաբանել իր հնարավոր ագրեսիան Հայաստանի կողմից խաղաղ գործընթացը շարունակելու մերժումով։
Նրա խոսքով` բանակցությունները պետք են լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու համար։
«Պետք է հասկանալ, որ տվյալ պահին ռազմական գործողությունները մեզ այդքան էլ ձեռնտու չեն։ Քանի դեռ մենք մինչև վերջ չենք վերականգնել հավասարակշռությունը, չենք կարող վստահ լինել, որ հաջողության կհասնենք ռազմական գործողությունների ընթացքում», — ասաց քաղաքագետը։
Խոսելով Արցախում լայնածավալ պատերազմի հնարավորության մասին` Բոզոյանը կրկին նշեց, որ այս սցենարը կարելի է կանխել միայն հայկական կողմի ռազմական ներուժն ուժեղացնելու ճանապարհով։ Միայն Հայաստանի տնտեսական զարգացման բարձր մակարդակը և միջազգային հեղինակությունը կստիպեն Ադրբեջանին հրաժարվել ռազմական լուծումից և համաձայնել Արցախի մասնակցության հետ։