Այսօր Վարդավառ է կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Վարդավառն ունի հեթանոսական արմատներ, բայց այն նաև Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Այսօր Վարդավառ է կամ Քրիստոսի պայծառակերպության տոն:

Վարդավառը նախաքրիստոնեկան տոն է: Այն նվիրված էր Հայոց Աստղիկ դիցուհուն: Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։

Վարդավառի օրը Երևանում խորոված խնձոր կբաժանեն

Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո, ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկ աստվածուհուն վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։

Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։

Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։

Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի կողմից շատ սիրված տոնը փոխակերպվեց քրիստոնեական տոնի: Այսօր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է։

Վարդավառը կընդգրկվի՞ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում

Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը:

Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Նշենք, որ երկուշաբթի օրը աշխատանքային է, քանի որ Կառավարությունը որոշում չի կայացրել այն ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ։