Երևանում ոստիկանության զորքերի հարբած սպան BMW-ով բախվել է Mercedes-ին. կան տուժածներ

Սթափության փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդն ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանի շենքերից մեկում դիակ են հայտնաբերել

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 7-ին։ Ժամը 06:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Toyota ավտոսրահի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes C 1 մակնիշի և Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 32-ամյա Նարեկ Թադևոսյանի վարած BMW 520 մակնիշի ավտոմեքենաները:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և արդեն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW —ի վարորդ Ն. Թադևոսյանը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Կայքի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերի 1033 զորամասում, կոչումով սպա է։