Ինչու՞ են մարդիկ սկսել ժպտալ. բացատրում է ՀՀ նախագահը

Արմեն Սարգսյանը վստահ է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկը ստանձնել է այն իշխանությունը, որին վստահում է ժողովուրդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Մարդիկ փողոցում ժպտում են, որովհետև հավատում են երկրի նոր իշխանությանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եթե մարդիկ ժպտում են, ուրեմն եկել է իշխանություն, որին հավատում են, ինչպես նաև հավատում են իրենց ապագային»,- ասաց նա:

Նա նշեց, որ երկրում ոչ թե փոփոխություն է եղել, այլ հենց հեղափոխություն։

«Այո՛, հավատ կա իշխանության նկատմամբ, բայց ինչո՞ւ չկար հավատ նախկին իշխանության նկատմամբ, և ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Տեղի ունեցավ, որովհետև եղավ մեծ փոփոխություն, որը կարող եք հեղափոխություն կամ հեղաշրջում անվանել, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մարդիկ հիմա ժպտում են»,- ընդգծեց Սարգսյանը:

ՀՀ նախագահի կարծիքով` մարդիկ ժպտում են, որովհետև տեսնում են իրենց ապագան։