Թմրանյութեր, զենք, թանկարժեք նկարներ և զարդեր. հետախուզվում է Սերժ Սարգսյանի եղբորորդին

Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

Սաշիկ Սարգսյանի որդին առերես հարցաքննվել է. նա կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով։

ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: