ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով ՀՔԾ վերջին հայտարարությունը պրոֆեսիոնալ չէ։ Այս մասին այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք` ՀՔԾ-ն հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։
ՀՔԾ հայտարարության մեջ գրված է, որ «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների –ժամանակ ժողովուրդը զրկվել էր ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը»։
Ըստ Հարությունյանի՝ եթե դա պաշտոնական է, նշանակում է՝ վիճարկել ՍԴ ակտը: Միաժամանակ, նա չի խորշում 2008թ.–ի ընտրությունների արդյունքները քննելու հնարավորությունից։ «Եթե եղել են ընտրախախտումներ, իհարկե, պետք է քննվեն»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ էր բացվել։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։