ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դրա շրջանակներում կատարված բացահայտումներն անսպասելի էին տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համար։
«Այն, ինչ տեղի ունեցավ, նման էր պարզ երկնքում կայծակի»,– անդրադառնալով երեկ հրապարակված բացահայտումներին, Sputnik Արմենիային ասաց Ատոմ Մարգարյանը` միաժամանակ հիշեցնելով, որ գործունեության ընթացքում հիմնադրամը 700 000 նվիրատուներ է ունեցել, որոնք 350 մլն դոլարի հանգանակություն են կատարել։ Այդ գումարներով 50 000 ծրագիր է իրականացվել։
«Հիմնադրամի քարտ օգտագործելով ու պարբերաբար օնլայն խաղադրույքներ կատարելով, այդ ծավալի միջոցների չարաշահում անելը խորհելու տեղիք է տալիս` այդ դեպքում ինչպե՞ս են անցկացվել տենդերները, նման անձի ղեկավարությամբ ինչպե՞ս են իրականացվել տարբեր ծրագրերը»,– ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին ԱԱԾ–ն տեղեկություն տարածեց, որ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ըստ քննչական մարմնի հաղորդագրության, Վարդանյանը վարկային գծով բանկային քարտից 130 մլն դրամ գումար է գրպանել` դրանով պարբերաբար օնլայն խաղադրույքներ իրականացնելով առցանց կազինոներում։
Բացահայտված հափշտակության դեպքը, սակայն, Ատոմ Մարգարյանի կարծիքով, չի վնասի հիմնադրամի աշխատանքին, հակառակը` կնպաստի, որ այսուհետ ֆինանսական հոսքերն ավելի վերահսկելի ու թափանցիկ դառնան, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ իրենց գումարները նպատակային են ծախսվում։
Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին կատարված այլ բացահայտումներին, մասնավորապես` «Վիլլիջ Գրուպ», «Գրինպրոդուկտ», «Սպայկա» ՍՊԸ—ներում հայտնաբերված 2 մլրդ դրամի չարաշահումներին, ի տարբերություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի, սրանք արդեն տնտեսագետի համար անակնկալ չեն եղել։
«Խոշորածավալ այնպիսի նախագծի դեպքում, ինչպիսի «Սպայկան» է ու դրան փոխկապակցված ընկերությունները, մեծ ծավալի շրջանառություններ են տնօրինում, հետևաբար այս ամենը եղել է ՊԵԿ տեսադաշտում։ Պարզապես քաղաքական կամքի բացակայությունն է եղել պատճառը, որ նախկինում լուրջ ուշադրություն չի դարձվել դրան»,– ասում է Ատոմ Մարգարյանը` հավելելով, որ փոխարենը «Սպայկան», լինելով ոլորտի խոշորագույն ընկերությունը պարբերաբար իշխանությունների կողմից տարբեր արտոնությունների է արժանացել։
Տնտեսագետի խոսքով, այս արտոնյալ վիճակն ու մենաշնորհային դիրքն ի վերջո հանգեցնում է նրան, որ օրերից մի օր արտոնյալներով սկսում են զբաղվել իրավապահները։