Կառավարությունը ներեց վարորդների կատարած խախտումները, մնաց ԱԺ–ն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին նախագիծը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը որոշեց ներել հայաստանցի վարորդների կատարած 850 000 խախտում: Երկար ու բազմակողմանի քննարկման արդյունքում կառավարության այսօրվա նիստում հաստատվեց արդարադատության նախարարության առաջարկած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան

Դրանով նախատեսվում է ներել միայն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ դրանով նախատեսվում է ներել 13,3 միլիարդ դրամի տուգանք:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ասաց, որ նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու  լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված  700 000 վարչական իրավախախտումների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ նախագիծը ճիշտ մեկնաբանվի, և ՀՀ քաղաքացիները սխալ պատկերացում չունենան դրա մասին:

«Սիրելի՛ քաղաքացիներ, համոզվեք, որ այս օրենքը վերաբերում է այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո փոխեք ձեր վարքագիծը: Մենք  բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա, և ոստիկանությունը՝ արդարադատության նախարարության հետ համատեղ, մշակում է օրենքի նախագիծ, որով կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ իրավախախտումների համաներմանը վերաբերող կառավարության քայլերը երբեմն սխալ մեկնաբանությունների առիթ են դառնում:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես ցանկանում է մեքենան կարող է վարել, քավ լիցի, դրա մասին խոսք լինել չի կարող։ Խոսքը նրա մասին է, որ մինչ այս  իրականացվող քաղաքականությունը ուներ ֆիսկալ նշանակություն, և մարդկանց տուգանելու խնդիր էր դրված»,-ասաց նա` ևս մեկ անգամ շեշտելով` կառավարության նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, և դրա արդյունքում պետության հասցված վնասի փոխհատուցումը:

Կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծն ու այն ուղարկվեց ԱԺ` արտահերթ նիստում քննարկելու համար: Նախագիծն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի հաստատումից հետո: