Հայ քանդակագործը հաղթել է Ֆլորենցիայում. նրա աշխատանքներն ապշեցրել են ժյուրիին

Միքայել Օհանջանյանի քանդակներն արդեն տեղադրված են Լոնդոնի Ռիջենթս պարկում ու Փարիզի Գեղարվեստի թանգարանի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Քանդակագործ Միքայել Օհանջանյանը հաղթել է Ֆլորենցիայում Էնրիկո Մարինելլիի անվան մրցույթում։ Այս մասին հայտնում է Aise պարբերականը։

Հիմա Օհանջանյանը կարող է նոր քանդակ ստեղծել Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանի համար։ Քանդակը կոչվելու է «Տան շեմը որպես աղբյուր» և ցուցադրվելու է մյուս տարվա հոկտեմբերին։

Ստալինի և գյումրեցի քանդակագործի մտերմությունը, կամ ի՞նչու առաջնորդը չպատժեց Մերկուրովին

Նշենք, որ նույն թանգարանում ցուցադրվել է Միքելանջելոյի «Պիետա Բանդինին» (չշփոթել Հռոմում ցուցադրված «Պիետայի» հետ)։

Մրցույթին մասնակցած քանդակագործներին խնդրել են ներկայացնել հույսի թեմայով ապագա քանդակների մակետները։

«Օհանջանյանը շատ համոզիչ ու համարձակ է ներկայացնում հույսի իր ընկալումը, իր պատասխաններն այն մասին` ինչի վրա պետք է հույսներս դնենք», — նշվում է ժյուրիի եզրակացության մեջ։

Քանդակն արտացոլում է ժամանակակից արվեստի ուղղությունները, այդ թվում լենդ-արտն ու արտե պովերան («ժողովրդավարական արվեստի» ուղղություններ), ստեղծագործությունը ցուցադրում է հիշողությունը բացահայտող նյութերի հետ աշխատելու ձգտումը։

Օհանջանյանը ծնվել է Երևանում։ 2000 թվականին Իտալիա է տեղափոխվել ու ավարտել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան։ Նա մասնակցել է նաև 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեի ն Հայաստանի տաղավարի ձևավորմանը։ Հայաստանն այն ժամանակ Ոսկե Առյուծի էր արժանացել։

2016 թվականին նրա «Օրագիր» աշխատանքը ցուցադրվել էր Լոնդոնի Ռիջենթս պարկում։ Իսկ 2017-ին նրա աշխատանքներից ևս երկուսը ցուցադրվել են Փարիզի Գեղարվեստի թանգարանի դիմաց։

Վարպետի աշխատանքներից մեկը` «Մհերի դուռը», ցուցադրվում է Գյումրիում` Ձիթողցոնց տուն-թանգարանի դիմաց։