Մարտի 1-ի նոր «զոհերը». Քոչարյան-Սարգսյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է

Երկար տարիներ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները և նրանց մերձավորները անձեռնմխելի էին: Սակայն վերջին օրերի իրադարձություների խրոնիկան կարող է իր շտկումներն անել տարիներով ձևավորված «ստատուս-քվո»-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը շուտով կարող է շարժվել մեռյալ կետից: Արդեն հաղորդել են, որ  գեներալ Միքայել Հարությունյանը, որը 10 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր, հետախուզվում է: Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններում:

Նոր բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարին

Հետաքննության հաղորդագրության մեջ ասվում էր, որ այն ժամանակվա պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք, փաստորեն, ռազմական դրություն են հաստատել, օգտագործել բանակը խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում 2008 թվականի մարտի 1-2-ին ընթացող ցույցերի ժամանակ 10 մարդ է մահացել: Նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալները և շուրջօրյա բողոքի էին դուրս եկել: Նրանց դեմ մարտական զենք էր կիրառվել: Այդ գործողությունների կազմակերպիչներից և կատարողներից ոչ ոք մինչ օրս չի պատժվել:

Նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի (որը ժամանակին բանտ է նստել մարտի 1–ի դեպքերի պատճառով) իշխանության գալուց հետո, մարտի մեկյան դեպքերի պատճառների և մեղավորների բացահայտման թեման անդադար շրջանառվում էր մամուլում: Նշվում էր Ռոբերտ Քոչարյանի անունը, որը պետք է Հատուկ քննչական ծառայություն կանչվի հարցաքննության համար, ինչպես նաև այն ժամանակվա ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի անունը:

Քոչարյանի ներկայացուցիչները, սակայն, հերքել էին այս տեղեկությունները:

Եվս մեկ նախկին նախարար հարցաքննվեց Մարտի 1–ի գործով

Հոդվածը դեռ հրապարակման պատրաստ չէր, երբ դրսի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Քոչարյանը ծանուցում է ստացել ՀՔԾ-ից՝ ներկայանալու հարցաքննության մարտի 1-ի գործով:

ՀՀ 2–րդ նախագահին հարցաքննության կանչելը ժամանակի հարց էր: Ըստ էության, հնարավոր չէ հույս դնել ողբերգության հանգամանքների և պատճառների բազմակողմանի ուսումնասիրման վրա առանց այդ դեպքերի հիմնական գործող անձանց գործընթացին անմիջականորեն ներգրավելու. նրանց թվում է նաև Ռոբերտ Քոչարյանը:

Հիմնական ինտրիգն այժմ այն է, թե որքան հեռու կգնա գործընթացը, և ինչ դեր է կանխորոշված նախկին նախագահի համար՝ մեղադրյալի, թե՞ վկայի:

Քոչարյանի մասին խոսելիս` անհնար է չհիշատակել Սերժ Սարգսյանին, ով մարտի 1-ի դեպքերի ժամանակ նախագահ էր ընտրվել, սակայն դեռ չէր ստանձնել պաշտոնը:

Թեև Սարգսյանին դեռ նախընտրում են ձեռք չտալ, սակայն նրա մերձավորների և բարեկամների անուններն այս օրերին անդադար շրջանառվում են այլ սյուժեներով քրեական գործերի շրջանակներում:

Մարտի 1-ի դեպքերի հետաքննությունն այժմ լակմուսի թղթի նման մի բան է Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Հենց իրավապահ մարմինների գործողություններից է հիմա կախված, թե որքանով է վարչապետի հռչակած «Նոր Հայաստանն» իսկապես իրականություն: Երկար տարիներ Քոչարյանը, Սարգսյանն ու նրանց մերձավորները փաստորեն անձեռնմխելի էին: Իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, այսպես թե այնպես, ուղղված մարտի 1-ի իրական հետաքննությանը, հաջողությամբ սաբոտաժի էր ենթարկվում խորհրդարանական մեծամասնության կողմից` ի դեմս այն ժամանակվա իշխող ՀՀԿ-ի:

Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության

Եթե մի փոքր կտրվենք հարցի բարոյական կողմից, ապա կարևոր է նշել, որ մարտի 1-ի դեպքերի մեղավորների բացահայտումը լուրջ քաղաքական հաղթաթուղթ կլինի Փաշինյանի ձեռքում ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին: Անցյալի ծանր ժառանգությունից ձերբազատվելն ընդմիշտ վերջակետ կդնի մինչ օրս շարունակվող բանավեճերում, թե իրականում ով էր կանգնած Հայաստանի իշխանափոխության հետևում:

Շատերը մինչ օրս կարծում են, որ ամբողջ այս պատմությունը լավ բեմադրած ներկայացում էր, որի գլխավոր գործող անձինք Սարգսյանն ու Փաշինյանն էին: Նման պնդումների համար բավական լուրջ հիմքեր կան: Օրինակ` ինչո՞ւ Սարգսյանն ու նրա թիմի առավել վառ ներկայացուցիչները չլքեցին երկիրը Փաշինյանի իշխանության գալուց հետո: Ի՞նչ է դա՝ սովորական անհոգություն, թե՞ այդ մարդիկ Փաշինյանի կողմից անձեռնմխելիության իրական երաշխիքներ են ստացել:

Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննությունը կտա այս և այլ հարցերի պատասխանները: